Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, տեղի ունեցավ Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ: Ի թիվս այլ հարցերի, ավագանու հաստատմամբ Վանաձոր համայնքի բյուջեի եկամտային մասում կատարվեցին անհրաժեշտ փոփոխություններ՝ Վանաձոր քաղաքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը սահմանված կարգով ֆինանսավորելու նպատակով:
Ավագանու քննարկմանն էր ներկայացված նաև «Հայաստանի Հանրապետության Վանաձորի համայնքապետարանում իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության վերաբերյալ նախագիծը: Ավագանին այն հաստատեց և ընդունեց ի գիտություն:
«Վանաձորի օր» տոնակատարությանն ընդառաջ համայնքի ավագանին հաստատեց նաև կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, 200 գիտական հոդվածների, 16 բուհական դասագրքի և 2 գյուտի հեղինակ Ռաֆիկ Հայկոյի Եդոյանին և Վանաձոր համայնքում իրականացրած բազմաթիվ բարեգործական ներդրումների և ծրագրերի հեղինակ Նորայր Սաշիկի Զուլոյանին Վանաձորի պատվավոր քաղաքացի կոչում շնորհելու մասին որոշման նախագծերը:
Մեկ այլ հարցով էլ ավագանին համաձայնություն տվեց Տիգրան Մեծի պողոտայի թիվ 39 բնակելի շենքի պատին Կիրովականի քաղգործկոմի նախկին նախագահ, Հայրենական մեծ պատերազմի վետերան, փոխգնդապետ Սարգիս Առաքելի Ամիրխանյանին նվիրված հուշատախտակի տեղադրմանը:
Օրակարգի վերջին հարցով որոշվեց Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի օրը: Այն տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: