Վանաձոր համայնքի ավագանու սեպտեմբերի 19-ի հերթական նիստում

 

Սեպտեմբերի 19-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Վանաձոր համայնքի ավագանու աշնանային նստաշրջանի հերթական առաջին նիստը: Օրակարգում 22 հարց էր: Նիստին ներկա էր ավագանու 22 անդամ:

Մինչ օրակարգի հաստատման քվեարկությունը, ավագանու անդամ Հրաչիկ Ղամբարյանը հանդես եկավ առաջարկությամբ. նիստի օրակարգից հանել  3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը («Սերգեյ Միհրանի Դանիելյանին «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին», «Հայկ Լևոնի Հովիվյանին «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին», «Հրաչիկ Արմենակի Ղազարյանին «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին» կետեր), քանի որ դրանք հակասում են 2013 թվականին ընդունված թիվ 70-Ն որոշմամբ հաստատված ««Վանաձոր համայնքի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու» կանոնակարգի 6-րդ կետին: Տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում: Որոշվեց առաջիկա ավագանու նիստում վերանայել ««Վանաձոր համայնքի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու» կանոնակարգը և այնտեղ կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք կպարզեցնեն կոչում շնորհելու ընթացակարգը: Արդյունքում օրակարգն ընդունվեց՝ առանց 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի:

Քննարկման դրված առաջին հարցը ավագանու անդամ Արմեն Մատինյանի առաջարկով ներկայացված նախագիծն էր, որով նախատեսվում էր Վանաձոր համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 3 000 000  ՀՀ դրամի փոփոխություններ: Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված էր Վանաձոր համայնքի բազմաբնակարան շենքերի բակերում և մերձբակային տարածքներում խաղահրապարակներ կառուցելու և խաղային սարքավորումներ ձեռք բերելու անհրաժեշտությամբ:

Հաջորդ նախագիծը Վանաձոր համայնքի ավագանու 21 հունիսի 2017 թվականի «Վանաձոր համայնքի համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 50-Ա որոշման 12-րդ հավելվածում փոփոխություն կատարելու մասին էր:

Ավագանին հաստատեց նաև «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների ՀԿ-ին Վանաձոր համայնքի տարածքում սեփականության իրավունքով պատկանող Երևանյան խճ. թիվ 64ա հասցեում գտնվող շինության նկատմամբ գույքահարկի տույժի գծով 237 130 ՀՀ դրամ գումարի չափով արտոնություն սահմանելու և ՀԿ-ի հարկային պարտավորությունների մասով վերահաշվարկ կատարելու մասին որոշման նախագիծը:

Հարցերից մեկով էլ Ավագանին համաձայնություն տվեց «Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ-ի կողմից օգտագործվող՝ Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող շինությունները և դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը անհատույց՝ անորոշ ժամկետով, օգտագործման իրավունքով «Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ-ին տրամադրելուն, հաջորդ կետով էլ արգելեց դրանք փոխանցել 3-րդ անձի, օտարել, տալ վարձակալության կամ օգտագործման, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն՝ առանց համայնքի ղեկավարի թույլտվության:

Օրակարգի մյուս հարցերը վերաբերում էին քաղաքացիների հողամասերի հողհատկացման հիմքերը վերականգնելուն, հողամասերի օտարելուն, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման իրավունքով մրցույթով   տրամադրելուն  և հողամասերի վարձավճարների մեկնարկային գները սահմանելուն, աճուրդով օտարվող մի շարք հողամասերի մեկնարկային գները հողի կադաստրային արժեքի չափով սահմանելուն, Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը մի շարք հողամասերի նկատմամբ ճանաչելուն, Նաիրի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող տուրիստական բազաան և դրանով զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը նվիրատվությամբ տալուն, աճուրդով օտարվող կիսակառույցի հարթակի և դրանով զբաղեցված հողամասի մեկնարկային գները սահմանելուն:

Ավագանու որոշմամբ Վանաձոր քաղաքի Չապաևի փողոցը վերանվանվեց Մոնթե Մելքոնյան:

Համաձայնություն տրվեց Տալ նաև Վանաձոր քաղաքի Հանրապետության պուրակում Արցախյան պատերազմում անհայտ կորած զինվորների հիշատակը հավերժացնող խաչքարի տեղադրմանը:

Բոլոր որոշումների նախագծերը հաստատվեցին:

Վանաձոր համայնքի Ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին:

You May Also Like