Ապրիլի 30-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 11-րդ տարեկան ժողովի ավարտից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ֆուտբոլի զարգացման նպատակով հանրապետության մարզերում նյութատեխնիկական բազայի ստեղծման ուղղությամբ ֆեդերացիայի իրականացրած եւ առաջիկա տարում իրականացվելիք առաջնահերթ ծրագրերը : «Ֆեդերացիան բազում առաջնահերթ ծրագրեր ունի: Որպես ֆեդերացիայի նախագահ ես առաջնահերթ համարում եմ Գյումրիիի ֆուտբոլի ՄՊԴ-ի շահագործումը, որից հետո շատ արագ սկսել Լոռու մարզում ֆուտբոլի մանկապատանեկան դպրոցի շինարարությունը, որն, ինչպես գիտեք, ձգձգվեց ֆեդերացիայի կամքից անկախ: Վանաձորի քաղաքապետարանը իրենց մոտ նույնպես ֆուտբոլի ՄՊՄԴ ունենալու նպատակով հողահատկացում էր արել ֆեդերացիային, որի համար ինչ-որ մի հասարակական կազմակերպություն դիմել էր դատարան: Հիմա խնդիրն արդեն լուծված է», – հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան, ընդդեմ` Վանաձորի քաղաքապետարանի և Վանաձոր համայնքի ավագանու, խնդրելով` Ավագանու` 26.10.2010թ. թիվ 76 որոշումն ամբողջությամբ վերացնել: Վանաձորի ավագանին այդ որոշմամաբ քաղաքի Տարոն-4 թաղամասի Սեբաստիա փողոցի` թիվ 2/4 հասցեի Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող` 43 937,2 քմ մակերեսով հողամասը, մարզական համալիր կառուցելու նպատակով ՀՖ ֆեդերացիային էր տրամադրել անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով:
Նույն որոշմամբ ավագանին տվել էր իր համաձայնությունը` Վանաձոր քաղաքի քաղաքային ֆուտբոլային մարզադաշտը` 6 954,0 քմ մակերեսով, համաձայն թիվ 2 հավելվածի, ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու նպատակով Ֆեդերացիային անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով տրամադրելուն` նշված տարախքիվրա կառուցվելիք շենք-շինությունները Ֆեդերացիայի սեփականությունը համարվելու պայմանով:
ՀՀ վարչական դատարանը եզրակացրել է, որ Ավագանու` 26.10.2010թ. թիվ 76 որոշումը չի հակասում ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներին, հետևաբար այդ հիմքով Ավագանու վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու մասին կազմակերպության պահանջը հիմնավոր չէ և ենթակա է մերժման:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը ևս որոշել էր «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժել և վարչական դատարանի վճիռը թողնելով անփոփոխ։