Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը՝ Հանրապետության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հանրապետության տոնի` Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 104-րդ տարեդարձի առթիվ: 1918թ. մայիսի 28-ին` վեց դար անց, հայ ժողովրդի կողմից հերոսաբար մղված Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերի արդյունքում վերականգնվեց Հայաստանի անկախ պետականությունը։
Մայիսյան հաղթանակները կերտվեցին մեր ժողովրդի միասնության շնորհիվ։ Դարձան փառահեղ օրինակ հետագա հաղթանակների համար և սկիզբ դրեցին հայկական պետության վերականգնմանը: Անգնահատելի է ճակատագրական պահերին միաբանվելու և վճռորոշ քայլ անելու հային բնորոշ հատկանիշը։
Մայիսյան հերոսամարտերի շարքում առանձնահատուկ է Ղարաքիլիսայի ճակատամարտը։ Ռազմի դաշտում հա յ զինվորների և աշխարհազորայինների հերոսական պայքարի շնորհիվ հանրավոր եղավ կանգնեցնել թշնամուն Ղարաքիլիսայի մատույցներում և Առաջին հանարապետությունը, որպես դարավոր երազանք , ծնվեց նաև Ղարաքիլիսայի հերոսների անկոտրում կամքի ու ինքնազոհության արդյունքում:
Այսօր շատ ու շատ վանաձորցների ընտանիքներում վառ են պահում իրնց նախապապերի հիշատակը, ովքեր ապահովեցին Ղարաքիլիսայի հերոսամարտում հայ ազգի հետագա գոյատևման համար ճակատագրական հաղթանակը: Այդ օրերը վանաձորցիներիս պատմական հիշողության մեջ մնալու են որպես հպարտության . միասնականության ու հայրենիքին անմնացորդ նվիրվածության օրեր:
Փա՛ռք Հայաստանի առաջին հանրապետությանը։ Այն մեր պետության վերստեղծման և պետականության վերաիմաստավորման հիմքն է, մեր ապագա բոլոր հաղթանակների հիմնասյունը։

You May Also Like