Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հանդիպում է ունեցել Վանաձորում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։
Հանդիպման նպատակը համայնքում բնակություն հաստատած մեր հայրենակիցներին Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացնելն ու ծագած հարցերով ուղղորդելն է։
Հանդիպմանը ներկա էին համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, Արցախից բռնի տեղահանված անձանց հետ տարվող աշխատանքների աշխատանքային խմբի պատասխանատու Գեղանի Հակոբյանը, ՄՍԾ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Լուսինե Աքմաքչյանը։
Հանդիպման սկզբում համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը շեշտել է, որ շարունակում է ուշադրության կենտրոնում պահել տեղահանված ընտանիքներին և պատրաստ է աջակցել ցանկացած հարցով։
Արկադի Փելեշյանը նշել, որ թեև այսպիսի ծավալուն հանդիպումները ևս պարբերական կլինեն, բայց անհատական կամ փոքր խմբերով ընդունելություններն ամենօրյա ռեժիմով չեն դադարի։
Համայնքի ղեկավարի խոսքից հետո ներկայացվել են բնակարան ձեռ բերելու ծրագրի 3 փուլերը, դիմելու կարգը։
Հանդիպման մասնակիցները հարցեր են ուղղել փաստաթղթերի վերականգման, քաղաքացիություն ստանալու, սոցօգնությունների, թոշակների և մի շարք այլ հարցերով։ Դրանց վերաբերյալ դիտարկումներ են կատարվել, ուղղորդվել համապատասխան մարմիններ։
Բնակարանային ապահովման ծրագրին հայտ ներկայացնելու հարցում օգնություն է առաջարկում ՄՍԾ Վանաձորի գրասենյակը, որտեղ մասնագետները կօգնեն լրացնել հայտերն ու պահանջվող փաստաթղթերը։
Արցախցիները շնորհակալություն են հայտնել Արկադի Փելեշյանին ու աշխատակազմին միշտ պատրաստակամ ու սրտացավ լինելու, արագ արձագանքելու համար։
9 երեխայի մայր Գոհար Կարապետյանը, ում 11 հոգանոց ընտանիքը պատրաստվում է Վանաձորում հինավորվել, նշում է՝ եկած օրվանից համայնքի ղեկավարը միշտ ականջալուր է իրենց։ Արդեն տունն ընտրել են, կօգտվեն ծրագրից, կմնան Վանաձորում ու սեփական գործը կսկսեն։