Արամ Ղազարյանը նշանակվեց Լոռու մարզպետ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանին։
Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Արամ Խաչատրյանին՝ մարզում կատարած աշխատանքի համար։ Նախարարը նշել է, որ Խաչատրյանն արել է հնարավոր ամեն ինչ՝ մարզի և մարզպետարանի ենթակա կառույցների խնդիրները լուծելու համար։
Նախարար Սանոսյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանին՝ կարևոր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ։ Նախարարը շեշտել է՝ Արամ Ղազարյանը երկար տարիներ աշխատելով թե՛ Լոռու և թե՛ այլ մարզերում՝ քաջածանոթ է մարզային և համայնքային խնդիրներին։ Սանոսյանը համոզմունք է հայտնել, որ աշխատակազմն ու մյուս գործընկերները կօգնեն նորանշանակ մարզպետին աշխատանքն ավելի արդյունավետ իրականացնելու համար։
Իր հերթին նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին՝ երեք տարիների արդյունավետ համագործակցության համար։
Արամ Խաչատրյանը նաև շնորհավորել է նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանին՝ մաղթելով արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք։
Արամ Ղազարյանն էլ շնորհակալություն է հայտնել վստահության համար․«Մեծ պատասխանատվություն է հարազատ մարզում պաշտոն ստանձնելը։ Համատեղ, բոլորիդ աջակցությամբ, թիմային աշխատանքով գնալու ենք առաջ, լուծելու ենք առկա խնդիրները՝ նպաստելով մարզի զարգացմանը»,-ընդգծել է նորանշանակ մարզպետը։

You May Also Like