Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր Օսմանյան Թուրքիայում մեր ազգի նկատմամբ պետականորեն իրականացված ոճրագործության՝ ցեղասպանության 109-րդ տարելիցն է:
Տասնամյակների հեռավորությունից այսօր կրկին ոգեկոչում ենք մեր 1,5 մլն նահատակ հայրենակիցների հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, որի մերժումն ու ժխտումը ամոթալի է իրեն քաղաքակիրթ համարող հասարակության համար: Մենք ոգեկոչում ենք մեր սրբադասված անմեղ զոհերի հիշատարը մեր ու մարդկության պատմության մեջ նման ոճիրները կանխելու հաստատակամությամբ։
1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայ ժողովուրդը դարձավ հայատյացության ու անհանդուրժողականության պանթուրքական դավի զոհը: Հայոց մեծ եղեռնը քաղաքակիրթ աշխարհի ու առաջադեմ մարդկության խստագույն դատպարտմանը պետք է արժանանա՝ որպես ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործության։
Պատմությունն ապացուցում է, որ հենց Հայոց ցեղասպանության անպատժելիության նախադեպն է թույլ տվել կրկնվելու այս հանցագործությունը նաև այլ ժողովուրդների նկատմամբ։
Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակման օրը հարգանքի տուրք մատուցելիս վերաիմաստավորենք, հետևություններ անենք և միասնական դառնանք՝ հաղթահարելու մեր պետության ու մեր ազգի առաջ ծառացած դժվարություններին»

You May Also Like