Մարտի 24-ին կայացավ Վանաձորի քաղաքապետարանի հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Քաղաքապետ Սամվել Դարբինյանը ծառայությունների ուշադրությունը հրավիրեց քաղաքի տարբեր թաղամասերում սանիտարական վիճակի վրա և պահանջեց մեկ շաբաթվա ընթացքում վերացնել թերությունները:
Քաղաքապետն իր դժգոհությունն արտահայտեց նաև համատիրությունների աշխատանքից, փաստելով, որ բազմաբնակարան շենքերի բակերը և շրջակայքը շարունակում են մնալ աղտոտված պոլիէթիլենային մնացուկներով:
Քաղաքապետը տեղեկացրեց նաև , որ ապրիլ ամիսը, ավանդաբար, քաղաքի բնակչության համար շաբաթօրյակների ամիս է և այս հարցում հայցելով նաև ԶԼՄ-ների աջակցությունը, հույս հայտնեց, որ քաղաքի կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները և բնակչությունն ակտիվորեն կմասնակցեն բոլոր շաբաթօրյակներին:
Ինչպես նշեց Սամվել Դարբինյանը, ժամանակն է նաև հրապարակային պարսավանքի ենթարկել այն մարդկանց և կոլեկտիվներին, ովքեր ուրիշներից պահանջում են մաքրություն, սակայն զլանում են ոչ միայն ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակներին, այլ անգամ չեն մաքրում սեփական բակը:
Քաղաքի մաքրությունը յուրաքանչյուր բնակչի խնդիրն է: Խորհրդակցության ընթացքում քաղաքապետը հանձնարարեց տեղեկացնել քաղաքային այգիների վարձակալներին, որ այգիները և ժամանցի վայրերը պետք է պատշաճ տեսքի բերվեն մինչև ապրիլի 1-ը և ծառայեն քաղաքացիներին:
Ավագանու անդամների և քաղաքացիների կողմից բարձրացվել էր Վանաձորի Չուխաջյան և Ավետիսյան փողոցների վերանորոգման հարցը և քաղաքապետը հանձնարարեց ուսումնասիրել խնդիրը , կազմել նախագիծ և առաջարկել Ավագանուն կատարել փոփոխություն բյուջեում, վերանորոգում իրականացնելու նպատակով:
Սամվել Դարբինյանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց հնարավորինս կարճ ժամկետում իրականացնել քաղաքի կենտրոնական փողոցների փոսային նորոգումները և նշագծումները: