Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ

Սիրելի՛ մայրեր, քույրեր, դուստրեր, այս գեղեցիկ տոնն առիթ է ևս մեկ անգամ ձեր հանդեպ մեր երախտագիտությունն ու հիացմունքն արտահայտելու համար:
Կնոջ ամենամեծ կոչումը մայրությունն է, ուստի հայ ժողովուրդն այս տոնի մեջ ամփոփել է մոր աստվածային առաքելության ու դերի արժևորման խորհուրդը: Հայ մոր փխրուն, բայց և ուժեղ տեսակն է ընտանիքի ամրության երաշխավորը, հայ կինն է մարմնավորում ազգի շարունակականությունը, սերունդների հայրենանվեր դաստիարակությունը:
Սբ. Մարիամ Աստվածածնի ավետման տոնով առանձնացվում և փառաբանվում է կինը, նրա՝ կյանքը շարունակողի բացառիկ արարչագործ առաքելությունը: Խոնարհվում եմ այն մայրերի առջև, որոնց զավակները հսկում են հայրենիքի սահմանները:
Բարեկեցիկ և բազմազավակ ընտանիքն է հայ ժողովրդի հարատևության երաշխավորը:Սիրելի՛ հայուհիներ, ձեր մայրական սրտի ջերմությունը թող հալեցնի անտարբերության սառույցը և սիրով լցնի աշխարհը: Ձեր ընտանիքներում թող մշտապես իշխեն սերն ու ջերմությունը:
Ապրիլի 7-ը հայ կնոջ վերաարժևորման տոնն է, պետության ամրության գործում նրա բացառիկ դերի, մեր ինքնության, ազգային դիմագծի վերահաստատման տոնը:
Ցավոք, այս տարի առաջին անգամ կանանց տոնական միամսյակն ու այս գեղեցիկ տոնը դիմավորում եք մեկուսացման մեջ, և գարունը զրկվել է ձեր գեղեցկությունից, այն ձեզ բազմաթիվ ծաղիկներ է պարտք: Ձեր առողջությունը մեզ համար թանկ է: Այս փորձությունն էլ կհաղթահարենք: Ձեզ կանացի չխամրող հմայք, սեր ու ջերմություն եմ մաղթում: Միշտ առողջ եղեք:

You May Also Like