Մայիսի 30-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանի և Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի ուղեկցությամբ այցելել են Վանաձորի անկախ կյանքի ռեսուրս կենտրոն։
Հաստատության աշխատակազմի և շահառուների հետ զրույցի ընթացքում շեշտվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման, նրանց իրավունքների պաշտպանության և անկախ կյանքի ապահովման անհրաժեշտությունը՝ Հայաստանի ներառական զարգացման գործում: Կարևորվել է նաև համատեղ աշխատանքների շարունակականությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավման, բոլոր ոլորտներում նրանց լիարժեք և արդյունավետ մասնակցության ապահովման, ինչպես նաև հաշմանդամության հիմքով խտրականության բացառման ուղղությամբ։