Այսօր Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ Վանաձորի համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ մանկապարտեզների, ավարտական խմբերի հրաժեշտի ցերեկույթը։ Այս տարի մանկապարտեզն ավարտեց շուրջ 670 երեխա։
Արդեն 2-րդ անգամ համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի նախաձեռնությամբ համայնքի բոլոր մանկապարտեզները ավարտական միջոցառումներն անցկացնում են համատեղ։
Միջոցառմանը ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, համայնքապետարանի աշխատակազմի անդամներ, ՆՈՒՀ-երի տնօրեններ, մանկավարժներ, ծնողներ։
Միջոցառման սկզբին Սրբազան Հայրն օրհնաության խոսք ասաց։
Ներկաներին ողջունեց և շնորհավորանքի ելույթ ունեցավ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։
Նա շնորհավորեց երեխաներին ու նրանց ծնողներին, մաղթեց բարի երթ դեպի դպրոց։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը մանկավարժներին շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար։
Միջոցառումը շարունակվեց մանկապարտեզների սաների գունագեղ ու բազմազան պարային ու երաժշտական համարներով, որոնք առանձնանում էին բեմական հետաքրքիր լուծումերով։
Ավարտական խմբերի կատարումներից հետո շնորհավորանքի խոսքով հանդես եկավ կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը։ Նա շնորհավորեց և ընդգծեց, որ բոլոր սաները լիարժեք նախադպրոցական կրթություն են ստացել և պատրաստ են կյանքի նոր փուլ մուտք գործելուն։
Մանկապարտեզների սաները, Քրիստինե Մադոյանի և երաժշտության դասատուների հետ միասին կատարեցին հատուկ Վանաձորի մանկապարտեզների համար գրված երգ, որը ոլորտի պատասխանատու բաժնի պետի նախաձեռնությամբ հեղինակել է վանաձորցի երգահան Գայանե Աղայանը։
Միջոցառման ավարտին Արկադի Փելեշյանը և Քրիստինե Մադոյանը ՆՈՒՀ-երի տնօրեններին և դաստիարակներին շնորհակալագրեր հանձնեցին։ Ավարտական հաշվետու միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար բաժնի պետ Քրիստինե Մադոյանը ևս շնորհավորագիր ստացավ։