Այսօր Ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցն է: Առավոտյան Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեր Վահան քահանա Ազարյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ ընկած հայորդիների: Ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի փելեշյանը, տեղակալ Արման Բերնեցյանը, գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը, տարբեր բաժինների ղեկավարներ, աշխատակիցներ, ԵԿՄ Լոռու մարզային կառուցի ղեկավարությունը, բազմաթիվ վանաձորցրներ:
Հոգեհանգստի կարգին հաջորդեց Ապրիլյան պատերազմում զոհված և վիրավոր զինծառայողների հարազատների հետ հանդիպումը Վանաձորի համայնքապետարանում: Ներկա էին առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը և տեղակալ Արման Բերնեցյանը, որն իր խոսքում մասնավորապես ասաց. «Ապրիլյան պատերազմը մեր վերջին 30 տարվա պայքարի հերթական փուլերից մեկն էր՝ ցավոք սրտի դեռ չվերջացած: 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքում հայկական զինված ուժերը լրջագույն ժառանգություն թողեցին ղարաբաղյան բանակցությունները վարող հայկական դիվանագիտությանը: Պատերազմի սպառնալիքով հայկական կողմին զիջումներ պարտադրելու ադրբեջանական շանտաժն այսօր պայթել է՝ շնորհիվ Ապրիլյան պատերազմում մեր բանակի տարած հաղթանակի»:
Հանդիպման վերջում Վանաձորի համայնքապետարանի կողմից հերթական անգամ տրամադրվեց աջակցություն զոհերի և վիրավորների ընտանիքներին:
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ, իր խոնարհումն է բերում հերոս տղաներին, որոնց շնորհիվ պահպանվեց հայրենիքի սահմանների անառիկությունն ու երկրի խաղաղությունը։