Կառավարության ծրագրի համաձայն՝ նախորդող ժամանակահատվածում իրականացված փաստագրման արդյունքների հիման վրա շարունակվում են երկրաշարժից հետո տեղադրված (կառուցված) ոչ հիմնական շինությունների (տնակների) հիմնախնդրի կանոնակարգման աշխատանքները:
Այդ գործընթացի շրջանակներում ՀՀ քաղաքաշինության կոմիտում կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումը: Կոմիտեի համակարգմամբ գործող այս աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են պետական կառավարման համակարգի մարմինների, ՀՀ Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզպետարանների, համայնքապետարանների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ:
Հանդիպման ժամանակ ներկայացվել են հիմնախնդրի կանոնակարգման ուղղությամբ նախորդող ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, տնակների և դրանցում բնակվող ընտանիքների կարգավիճակի գնահատման արդյունքները: Նախանշվել են տնակներում բնակվող ընտանիքների վերաբնակեցման և տարածքների ազատման մասով նախնական մոտեցումները և առաջնահերթությունները, ինչպես նաև դրանց հիման վրա անհրաժեշտ ֆինանսական նախնական հաշվարկների հետ կապված հարցերը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է խնդրի կանոնակարգման նպատակով ստեղծել իրավական հիմքեր, իրականացնել տնակների հեռացման՝ տարածքների ազատման, այդ տնակներում բնակվող ընտանիքների մասով վերաբնակեցման աշխատանքներ՝ Կառավարության կողմից սահմանված մոտեցումների համաձայն՝ սկզբնական փուլում դիտարկելով պետական և համայնքային հողամասերի վրա տեղադրված տնակները: