Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն այսօր հանդիպել է 2016 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձոր համայնքի Ուկրշին տնակային ավանի թիվ 4 բարաքի հրդեհից հետո անօթևան մնացած ընտանիքների մայրերի հետ:
Աղետից տուժած ընտանիքները նախ քաղաքապետին շնորհակալություն հայտնեցին արդեն իսկ հրդեհից կարճ ժամանակ անց դեպքի վայրում իրենց կողքին լինելու և տեղում աջակցություն ցուցաբերելու համար:
Քաղաքապետն իր հերթին հավաստիացրեց, որ օգնությունը և ուշադրությունը տուժած և անօթևան ընտանիքներին շարունակական է լինելու և առաջարկեց ներկայացնել , թե ինչ կարգի օգնության կարիք ունեն ընտանիքներն իրենք, որպեսզի քաղաքապետն անձամբ և քաղաքապետարանը՝ իր հնարավորությունների սահմաններում, կարողանա դրանց լուծում տալ:
Հանդիպման մասնակից մայրերը հայտնեցին, որ առաջին հերթին ֆինանսական աջակցության կարիք ունեն, նախկին բնակարաններին մոտ թաղամասերում վարձով բնակարաններ տեղափոխվելու և առաջին անհրաժեշտության կենսական միջոցների գնման համար:
Քաղաքապետը տեղեկացրեց հրդեհից տուժած ընտանիքներին, որ ինքը մտադիր է երեքշաբթի օրը, դեկտեմբերի 13-ին, հրավիրել Վանաձորի ավագանու արտահերթ նիստ օրակարգային կարևոր մեկ հարցով.համայնքի բյուջեում փոփոխություն կատարելու և հրդեհից տուժած ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին:
Քաղաքապետը հանձնարարեց իր աշխատակազմին նախապատրաստել ավագանու որոշման նախագիծ և , խորհրդակցելով ընտանիքների հետ, հաշվարկել անհրաժեշտ ֆինանսական օգնության չափը և սահմանված կարգով հրավիրել ավագանու արտահերթ նիստ: