Ավագանու 33 անդամներից նիստին ներկա էին 18-ը։
Նախ քվեարկությամբ հաստատվեց նիստի օրակարգը՝ 45 հարցով։
Ավագանին կողմ քվեարկությամբ ընդունեց օրակարգի բոլոր նախագծերը, այդ թվում հաստատեց 2024 թվականի բյուջեն։
2024-ին Վանաձորում սուբվենցիոն ծրագրերը ավելի մեծ թափ կստանան։
Կհիմնանորոգվեն՝
- Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը,
- Վանաձորի Գրիգոր Հախինյանի անվան երաժշտական դպրոցը,
- «Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցը»։
- Կկառուցվի թիվ 7 տնակայն մանկապարտեզի շենքը։
Վանաձորում շարունակվելու է նաև ճանապարհաշինությունը․
կհիմնանորոգվեն՝
- Բաթումի, Տերյան, Մհեր Մկրտչյան, Թատերական փողոցները,
- Բազում թաղամասի Ուսանողական, Շինարարների, Վ․Համբարձումյան փողոցները,
- Տարոն 2, 3, 4 թաղամասերի փողոցները
- Գուգարք բնակավայրի փողոցները,
- Դարպաս բնակավայրի ներհամայնքային փողոցները՝ սալարկմամբ։
Գուգարք բնակավայրում կկառուցվի մանկապարտեզ,
Շահումյան բնակավայրում կկառուցվի լուսավորության համակարգ։
Աղբահանությունը ևս կբարելավվի։ Համայնքի ձեռք բերած 4 աղբատար մեքենաները կշահագործի հենց համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ը՝ օգտագործելով դրանք աղբահանության 5 գոտիներից առայժմ 2-ի համար՝ մինչ տեղ կհասնեն ևս 7 աղբատար մեքենաները։ Այսպիսով՝ համայնքի սանմաքրման որակը զգալիորեն կլավանա։
Ավագանու որոշմամբ տույժեր են սահմանվել չնախատեսված վայրում աղբ թափելու համար։
Ավագանու հաստատած նախագծերի մասին ավելի մանրամասն կտեղեկացնենք առանձին հրապարակումներով։
Նիստի արձանագրությունը կհրապարակվի սահմանված կարգով