Օգոստոսի 4-ին հետաքրքիր և ուսանելի աշխատանքային քննարկում էր նախաձեռնել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Քրիատինե Մադոյանը: Քննարկմանը մասնակցում էին մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը և Վանաձորի նախադպրոցական հիմնարկների տնօրենները:
Քննարկումը հետաքրքիր էր այն առումով, որ բաժնի պետը մասնակիցներին տեսապատկերային նյութերով ներկայացրեց Գերմանիայի քաղաքային և գյուղական համայնքներում գործող նախադպրոցական հաստատություններում կիրառվող կրթադաստիարակչական մեթոները , կառավարման առանձնահատկությունները:
Քննարկման ընթացքում նախադպրոցական հաստատություններում երեխաների հանգստի, ժամանցի խաղային մեթոդներով երեխաների զարգացման եվրոպական մոդելների մասին տեղեկատվություն փոխանցեց նաև Վանաձորի թիվ 30 մանկապարտեզի տնօրեն Քրիստինե Պապանյանը, ով նույ նպես փորձի փոխանակման նպատակով այցելել էր Գերմանիայի դաշնություն :
Հիշեցնենք, որ Գերմանիայի միջազգային համագործակցության/ GIZ/ ընկերության կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ իրականացվող «Լավ կառավարում հանուն Տեղական Զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի «Քաղաքների ցանց Հարավային Կովկասում» նախաձեռնության շրջանակում Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի Մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը ուսումնական այցով մեկնել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այցի նպատակը տեղի նախադպրոցական համակարգի և լայն առումով կրթության փորձի ուսումնասիրությունն էր: Վանաձորից հրավիրված էր նաև թիվ 30 մանկապարտեզի տնօրեն Քրիստինա Պապանյանը։ Փորձի փոխանակման նպատակով Գերմանիայի Բիբերախ քաղաք էր հրավիրվել 13 մանկավարժ Հայաստանից և Վրաստանից։ Նրանց ընդունել է քաղաքապետ Նորբերտ Զեյդլերը։ Այցի շրջանակում «Քաղաքների ցանց Հարավային Կովկասում» նախաձեռնության մանկավարժները միմյանց հետ կիսվել են իրենց փորձով, ստացել անհրաժեշտ գիտելիքներ, որոնք հետագայում մշակվելու և տեղայնացվելու հնարավորություն դեպքում կարող են կիրառվել նաև Վանաձորի մանկապարտեզներում։
Թեև պետական լիազոր մարմինները շարունակաբար կատարելագործում և փոփոխությունների են ենթարկում ուսումնադաստիարակչական մեթոդաբանությունը և նորմատիվային պահամջները մանկապարտեզներում, սակայն գաղտնիք չէ, որ շատ համայնքների նախադպրոցական հիմնարկներում աշխատակազմը երեխաների հետ կրթական և ժամանցային աշխատանքերում դեռևս իր վր կրում է նախկին սովետական կրթական համակարգի հոգեբանական ազդեցությունը:
Քննարկումն ուսանելի էր այնքանով, որ մասնակիցները որոշեցին ստեղծել աշխատանքային խումբ՝ բաժնի պետի գլխավորությամբ, և ներկայացնել համաձայնեցված առաջարկություններ, թե եվրոպական որ կրթական մեթոդներն են կիրառելի Վանաձորի մանկապարտեզներում, կախված շենքային և գույքային պայմաններից, և փորձել դրանք տեղայնացնել համատեղ ուժերով: