Վանաձորի համայնքապետարանում մեկնարկել են աշխատակազմի բաժինների կողմից 2019 թ.-ին կատարած աշխատանքների հաշվետվությունները:
Այսօր՝ փետրվարի 6-ին, Վանաձոր համայնքի ղեկավարի մոտ 2019 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությամբ ներկայացավ համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսական բաժինը: Մամիկոն Ասլանյանը, գնահատելով 2019 թ.-ին բաժի կողմից իրականացված աշխատանքը, այլև անդրադարձավ այն հետևողական աշխատանքին, որի շնորհիվ հնարավոր դարձավ մասնակցել սուբվենցիոն ծրագրերի և կառավարության հետ համաֆինանսավորմամբ մի շարք խոշոր ծրագրեր իրականացնել Վանաձորում: «Դա բոլորիս ձեռքբերումն է, որի մեջ իր զգալի բաժինն ունի նաև ձեր բաժինը: Քաղաքային տնտեսության զարգացմանը զուգընթաց մենք պետք է կատարելագործենք բաժինների աշխատանքը, այդ թվում՝ Ֆինանսական բաժնի աշխատանքը՝ մեր աշխատապրոցեսի մեջ կիրառելով նոր տեխնոլոգիաներ, նոր մարտահրավերներ, օրենսդրական փոփոխություններին զուգահեռռ՝ պետք է լինենք ճկուն, որովհետև Վանաձորի համայնքապետարանը չի կարող նորությունների առաջամարտիկը չլինել: Մենք մեր աշխատանքային գործունեության ընթացքում ցույց ենք տվել, որ մենք կարող ենք լինել, եթե ոչ առաջինը, ապա՝ առաջիններից: Եղեք հետևողական նաև երկրի ֆինանսական բլոկին վերաբերող օրենսդրական փոփոխություններին: Դրանք արագ և հաճախակի են փոփոխության ենթարկվում: Հորդորում եմ հետևողական լինել ավագանու հետ մեր շփումներում, քանի որ և՛ համայնքի բյուջեն, և՛ դրա փոփոխությունը հաստատվում են Վանաձոր համայնքի ավագանու կողմից: Ավագանու յուրաքանչյուր անդամի և խմբակցության կարծիքը մեզ համար կարևոր է: Առաջնային է նաև ավագանու կողմից ընդունվող որոշումների պատշաճ իրագործումը գործնականում»,-ասաց քաղաքապետը:
Ֆինանսական բաժնի պետ Վահե Գրիգորյանը հանդես եկավ հաշվետու զեկույցով:
Վանաձորի համայնքապետարանի ֆինանասկան բաժինը 2019 թ.-ին կազմել է ավագանու որոշման 16 նախագծեր, որոնք ընդունվել են ավագանու կողմից, կազմվել են 68 կարգադրության նախագծեր, բաժնի կողմից կատարվել են տարվա ընթացքում եկամտի թվով 156 ուղղումներ, 2019 թ.-ին բաժինը ստացել է շուրջ 1588 հանձնարարական ՀԿՏՀ համակարգով: 2019թ.-ին ներդրվել է հաշվապահական համակարգչային հաշվառման Հայկական ծրագրերի համակարգը և բաժնի համապատասխան աշխատակիցների կողմից այդ համակարգի շահագործումը սկսվել է 2020 թ.-ի հունվարի 1-ից, որը մի քանի անգամ ավելացրել է աշխատանքների ծավալը:
2019 թ.-ին Վանաձոր համայնքը սեփական եկամուտների հավաքագրումը կատարել է 100,4 տոկոսով:
Վանաձորի համայնքապետարանի ֆինանսական բաժնի աշխատանքը կրում է ամենօրյա բնույթ, որն այդքան էլ տեսանելի չէ, սակայն այդ աշխատանքներով են պայմանավորված մյուս բոլոր օղակների աշխատանքները, այսպես, օրինակ՝ բաժնի կողմից իրականացվում են կատարված աշխատանքների փաստաթղթերի ստուգում և ֆինանսավորում, ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների համար կազմակերպվում են գնման գործընթացներ և կնքվում են պայմանագրեր, ֆինանսավորվում են համայնքային ենթակայության կազմակերպությունները, բյուջեի եկամտային մասի հաշվառում է կատարվում ըստ առանձին եկամտատեսակների, ինչպես նաև կատարվում են բազմաթիվ ընթացիկ ֆինանսական աշխատանքներ:
2019թ.-ին ֆինանսական բաժնի կողմից կազմակերպվել են գնումների գործընթացներ, որի արդյունքում կնքվել է շուրջ 116 պայմանագիր, ինչպես նաև տարվա ընթացքում կազմակերպվել են այդ պայմանագրերի շրջանակում ներկայացված ընդունման-հանձնման արձանագրությունների ճշտության ստուգման և վճարման աշխատանքները:
Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից նախանշված օպտիմալ վարված բյուջետային քաղաքականության շնորհիվ Վանաձոր համայնքը 2019թ.-ին հնարավորություն է ստեղծվել 2020թ.-ի հունվարի 1-ից համայնքապետարանի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատավարձի բարձրացում նախատեսել մոտ 20 տոկոսի չափով: 2019թ.-ին ֆինանսական բաժնի կողմից կազմվել է 2020թ.-ի բյուջեի նախագիծը, որը ընդունվել է համայնքի ավագանու կողմից, այն վերջին տարիների բյուջեներից տարբերվում է նրանով, որը իր մեջ ներառում է ծախսային մասի ավելացում՝ օրինակ աշխատավարձի վճարման գծով, ինչպես նաև ընդգրկված են մեծ ծավալի կապիտալ աշխատանքներ: