Աշխատանքային այց՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

GIZ Հայաստան-ի հրավերով «Քաղաքների ցանց Հարավային Կովկասում» նախաձեռնության շրջանակում հունիսի 17 – 22-ը ուսումնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն էր մեկնել Վանաձորի պատվիրակությունը: Աշխատանքային խմբի կազմում էին Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը, կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կարեն Պառավյանը և «Նեցուկ» ՀՈԱԿ-ի տնօրեն Հայկ Համբարձումյանը: Ուսումնասիրության և քննարկման թեման էր «Աղբի կառավարումը տեղական մակարդակում»: Պատվիրակության անդամներին նախ ուղեկցել են Պլաթլինգ քաղաք, որտեղ նրանք ծանոթացան Globus հանրախանութի փորձին. թե ինչպես են աշխատում պլաստիկ շշերի ընդունման համակարգերը, ինչպիսին է աղբի հեռացման պլանը հանրախանութում (փաթեթավորումներ և այլ), ինչպես են կատարվում աղբի բաժանումը և վերամշակումը: Այցելություն է կատարվել նաև Պասսաուի մոտակայքում գտնվող Նոյբուրգ վայրում տեղակայված թափոնների վերաբաշխման կայան և աղբի հավաքատեղի:
Հաջորդ օրը տեղի է ունեցել տեղեկատվության փոխանակում վերահսկող գերատեսչություն հանդիսացող շրջակա միջավայրի պահպանության վարչության հետ: Քննարկվել են թափոնների տնտեսության, աղբահանության առանձնահատկությունները, արժեքավոր նյութերի տնտեսական շրջանառությունը, իրավական հիմքերը և վերահսկողության մեխանիզմները: Ապա աշխատանքային խումբն այցելել է Ցվիզել քաղաքի շինարարական պարկ, որտեղ ծանոթացել է քաղաքի մաքրման աշխատանքներին, աղբի տեղափոխման աշխատանքներին, կանաչ գոտիների, այգիների և փողոցների խնամքին:
Այցի շրջանակում Վանաձորի պատվիրակությունը մեկնել է նաև Վերին Բավարիայում գտնվող Վառնգաու քաղաք, որտեղ այցելել է արժեքավոր նյութերի հավաքատեղի, ապա Ռոզենհայմում ծանոթացել աղբի այրման կայանի աշխատանքին:
Աշխատանքային այցի վերջին օրը տեղի է ունեցել տեղեկատվության փոխանակում Ցվիզելի միջնակարգ դպրոցում: Այստեղ ուսումնասիրվել է շրջակա միջավայրի վերաբերյալ կրթության և դաստիարակության փորձը, ինչպես են իրականացվում իրազեկման աշխատանքները, ինչպիսի նախագծեր են իրականացվում դպրոցում: Տեղի է ունեցել նաև տեղեկատվության փոխանակում Ցվիզելի բնակարանային շինարարության ընկերության հետ՝ բազմաբնակարան համակարգերում աղբի հեռացմանը, աղբի բաժանմանը, բնակիչների համար տեղեկատվական համակարգերին և սանկցիաներին վերաբերող թեմաներով:
Այցի արդյունքում որոշվել է Վանաձորի կրթական հաստատություններում իրականացնել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրեր: Նպատակ կա իրականացնել նաև պիլոտային ծրագիր՝ ապակե տարաները աղբից տարանջատելու նպատակով: Քաղաքային տնտեսության տարբեր որորտներում (քաղաքի մաքրման աշխատանքներ, աղբի տեղափոխման աշխատանքներ, կանաչ գոտիների, այգիների և փողոցների խնամք) կկիրառվի նաև գերմանական փորձը:

You May Also Like