Ֆինանսական աջակցություն՝ բարձր առաջադիմություն ունեցող սոցիալապես անապահով ուսանողներին

Ավագանու որոշմամբ հաստատված կարգով գործող հանձնաժողովի առաջարկությամբ և առաջնորդվելով ՏԻՄ օրենքի համապատասխան կետերով՝ Մամիկոն Ասլանյանի կարգադրությամբ ուսումնական հաստատություններում վճարովի համակարգում սովորող, սոցիալապես առավել անապահով ռիսկային խմբերի թվով 27 ընտանիքներին ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել: Ուսանողների ընտրությունը կատարվել է՝ առաջնորդվելով ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված առաջադիմության մասին գրություններով:

Հունիսի 8-ին ուսանողներին հյուրընկալեց Վանաձոր համայնքի ղեկավարը: Հանդիպմանը ներկա էին քաղաքապետի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, քաղաքապետի տեղակալ Արման Բերնեցյանը, աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, ավագանու անդամներ:

Վանաձորի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի, Հայաստանի եվրոպական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի բարձր առաջադիմություն ունեցող թվով 25 ուսանողի աջակցություն է ցուցաբերվել 50 000-ական դրամի չափով, իսկ Վանաձորի պետական բժշկական քոլեջի և Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի բարձր առաջադիմություն ունեցող թվով 2 ուսանողի՝ 25 000-ական դրամի չափով:

Հանդիպման ընթացքում քաղաքապետը լսեց ուսանողներին, պատասխանեց նրանց հուզող հարցերին: Մամիկոն Ասլանյանն ընդգծեց. «Ցանկանում եմ, որ դուք իմանաք, որ համայնքը իր ամբողջ ուժով և հնարավորություններով միշտ կանգնած է երիտասարդության, ուսանողության, առահասարակ, բոլոր այն մարդկանց կողքին, ովքեր աջակցության կարիք ունեն»:

Քաղաքապետի տեղակալ Արման Բերնեցյանը նշեց, որ առաջադիմության շեմն այս անգամ 74 բալն է եղել, որպեսզի ավելի շատ թվով ուսանողների քաղաքապետարանը կարողանա աջակցել, սակայն այսուհետ այն պետք է բարձրացվի, որպեսզի առաջադիմության համար առողջ մրցակցություն ծավալվի: Աջակցությունը շարունակական է լինելու:

You May Also Like