Վանաձորի համայնքապետարանի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված երիտասարդական միջոցառումների շրջանակում մայիսի 30-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Վանաձորի բարձրագույն ուսումնական հաստատությունների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ակտիվ ուսանողների, ինչպես նաև Վանաձորի արվեստի և երաժշտական դպրոցների շնորհալի սաների հետ: Ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, տեղակալ Արման Բերնեցյանը, գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը, աշխատակազմի ղեկավար Արթուր Օհանյանը և կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը:
Նախ կազմակերպիչները ողջունեցին հանդիպման մասնակիցներին և կարևորեցին երիտասարդության դերը համայնքի և երկրի զարգացման գործում, կարևորեց նաև երիտասարդների մասնակցությունը բոլոր բնագավառներում՝ ընդգծվեց, որ նրանց համար հնարավորությունների ստեղծումը պետության կարևորագույն առաքելություններից մեկը պետք է լինի, և սա է պետության զարգացման տեսլականի անկյունաքարը։
Բացման խոսքով հանդես եկավ Գոռ Բադյանը, ով խոսեց նաև Վանաձորը երիտասարդական մայրաքաղաք հռչակելուց հետո առաջացած խնդիրների մասին. Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության լուծարումից հետո անհայտ է միջոցառումների ճակատագիրը, թեև վստահեցրեց, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի միջոցառումները տեղի ունենան: Համայնքի ղեկավարի շնորհավորանքը փոխանցեց տեղակալը: Արման Բերնեցյանը մասնավորապես ասաց. «Վանաձորն ունի մշակութային ավանդույթներ: Խորհրդանշական է հատկապես երիտասարդության դերը, քանի որ նրանք են առաջ մղիչ ուժը»: Աշխատակազմի ղեկավար Արթուր Օհանյանը խոսեց երիտասարդական քաղաքականության ոլորտում պետական և համայնքային իրավասությունների ու պարտավորությունների մասին և այն քաղաքականության մասին, որը երիտասարդության հարցերի շրջանակում իրականացնում է Վանաձորի համայնքապետարանը: Շնորհավորանքի խոսքով և հայտարարությամբ հանդես եկավ նաև գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը:
Վանաձոր համայնքի ավագանու անդամ Անահիտ Կարապետյանը, ով նաև երիտասարդական մայրաքաղաք մրցույթին ներկայացնելու նպատակով Վանաձորի հայտը մշակող թիմի առանցքային անդամներից է, ներկայացրեց խնդիրն ամբողջությամբ, ապա այն ծրագրերը, որոնք այդ շրջանակում իրականացվելու են: Նույն թիմի անդամ Վահե Խաչիկյանն էլ խոսեց պետության երիտասարդական քաղաքականության մասին և հորդորեց դրամաշնորհների համար անպայման դիմել:
Մինչ քննարկմանն անցնելը Վանաձորի համայնքապետարանի ենթակայության արվեստի և երաժշտական դպրոցները ներկայացնող «Արտ մյուզիք», «Վերածնունդ» միջազգային և «Երգող Հայաստան» հանրապետական փառատոններին հատուկ մրցանակի արժանացած և մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած սաներն արժանացան համայնքի ղեկավարի շնորհավորագրերին և շնորհակալագրերին: Պարգևատրվեցին նաև ոչ համայնքային ենթակայության մշակութային հաստատությունների շնորհալի սաները, ովքեր Վանաձորի պատիվը բարձր են պահել տարբեր փառատոններում: Ընդհանուր թվով պարգևատրվեցին 17 անհատ և 2 երգչախումբ՝ Հայ Առաքելական Եկեղեցու Հայորդյաց տան «Շողակն» և Գր. Հախինյանի անվան երաժշտական դպրոցի երգչախմբերը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երիտասարդությանը հուզող խնդիրները, քննարկման մասնակիցները հարցեր ուղղեցին և ստացան սպառիչ պատասխաններ, հանդես եկան նաև առաջարկներով: