Ցերեկույթ՝ նվիրված Հայատանի առաջին հանրապետության 100-ամյակին

Ղարաքիլիսա-Բաշ-Ապարան-Սարդարապատի հերոսամարտերի և Հայատանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են: Հերթական միջոցառումը Լոռու մարզային գրադարանում էր: Ներկա էին Վանաձորի քաղաքապետի տեղակալ Արման Բերնեցյանը, բազմաթիվ մտավորականներ և ընթերցասեր վանաձորցիներ: Հնչեց Հայաստանի պետական օրհներգը, ապա բացման խոսքով հանդես եկավ Գուգարաց թեմի հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը. «Շատ հեշտ է պատմության հեռվից խոսել պատերազմի ու ճակատամարտի մասին: Շատ հեշտ է դարեր հետո անկախ պետականության մեջ ամուր ոտքերով կանգնած խոսել այն օրերի մասին, երբ իսկապես լինել-չլինելու խնդիր էր դրված մեր ժողովրդի առջև: Եթե մենք չիմանանք մեր պատմությունը, իզուր ենք խոսում վաղվա մասին: «Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից»: Մեծ բանաստեղծի խոսքը այսօր լուրջ հրավեր է: Մենք այսօր մեր ուսերի վրա շատ բաներ վերցնելու քաջություն պետք է ունենանք, որովհետև սերունդներին կոչ է արված Սարդարապատից ճանաչել շատ կարևոր արժեքներ, որոնցով այսօր ավելին ենք անելու, որոնցով կարելի է շարժվել առաջ և կերտել այն Հայաստանը, որը մեր տեսլականի մեջ մշտապես կա»:

Վանաձորի քաղաքապետի տեղակալ Արման Բերնեցյանը, շնորհավորելով Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ, խոստովանեց. «Սա մեր տոնացույցի ամենասրբազան տոնակատարությունն է: Հաճախ խոսքի մեջ նշվում է «սարդարապատյան հրաշք». Անշուշտ, Սարդարապատի հերոսամարտը հրաշքի էր նման, բայց հրաշքներ չեն լինում, հրաշքները մարդիկ են ստեղծում: Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի հաղթանակը կերտվեց մեր ժողովրդի, նրա՝ այն ժամանակվա ռազմաքաղաքական հմուտ ղեկավարների կամքի արյուն ու քրտինքի շնորհիվ: Հաջորդ կարևոր բանը ժառանգականության խնդիրն է: Մովսես Սիլիկյանը իր կոչերից մեկում հղում է անում 5-րդ դարին՝ Վարդանանց: Մենք էլ հղում ենք անում, ոչ միայն Ավարայրին, այլև Սարդարապատին: Ամենակարևորը, որ մենք մայիսյան հերոսամարտերի արդյունքում արձանագրեցինք պետականություն: Մեզ համար ավելի կարևոր արժեք, քան պետականությունն է, չկա: 1988-90թթ.-ին, երբ ԽՍՀՄ կազմում մենք մեր արդարացի պահանջները ներկայացրեցինք, ստացանք Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու և նորից հայացքներս ուղղեցինք ինչ-որ տեղ: Բայց 1991թ.-ից հետո, երբ մենք մեր անկախ պետականությունը ստեղծեցինք, գոնե գիտեինք, թե որտեղ է գտնվում մեր պաշտպանունակության և անվտանգության բանալին: Մենք ունենք պետականություն և նրա կարևոր բաղկացուցիչը՝ բանակը: Թող օրհնյալ լինեն Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի, Ռուբեն Տեր-Մինասյանի արթուն և անհանգիստ հոգիները: Նրանց աչքը թող միշտ լինի մեր անկախ պետականության վրա»

Ցերեկույթի հիմնական բանախոս ՊԳԹ, դոցենտ Յուրա Ղուլյանը ներկայացրեց հերոսամարտերին նախորդող դեպքերը, ապա բուն ընթացքը, պատմաքաղաքական իրողությունները, ապա այն խորհուրդը, որն ունեն հերոսամարտերն այսօրվա սերնդի համար. «Սա մեր ժողովրդի միասնականության, ամբողջականության խորհուրդն է, քանի որ անկախ կրոնական, սոցիալական, կուսակցական հայացքներից և հասարակության մեջ ունեցած կարգավիճակից, հայ ժողովուրդը միասնաբար ոտքի ելավ հայրենական, ժողովրդական պատերազմի»,-ընդգծեց նա: Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան Մ. Թավրիզյանի Անվան արվեստի պետական քոլեջի սաները: Վերջում եզրափակիչ խոսքով հանդես եկավ Լոռու մարզային գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյանը:

You May Also Like