Սույն թվականի օգոստոսի 18-ին սկսվեցին Վանաձոր, Նաիրի փող. թիվ 4 հասցեում գտնվող, «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությանը պատկանող տուրիստական բազայի վթարավտանգ շենքի ապամոնտաժման աշխատանքները:
Որոշ լրատվամիջոցների կողմից անմիջապես ապատեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ապօրինի կերպով քանդում են տուրբազայի շենքն ու ճոպանուղին:
Հիշեցնենք, որ ցանկացած տեղեկատվություն հրապարակելուց առաջ լրատվամիջոցը պարտավոր է այն ճշտել, ապա միայն հրապարակել: Վանաձորի համայնքապետարանին ոչ ոք չի դիմել Վանաձորի ճոպանուղու և տուրիստական բազայի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:
Ստորև ներկայացնում ենք Վանաձորի համայնքապետարանի պատասխանը.
Տեղեկացնում ենք, որ ք. Վանաձոր, Նաիրի փող. թիվ 4 հասցեում գտնվող, «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությանը պատկանող, տուրիստական բազայի վթարավտանգ շենքի ապամոնտաժումը իրականացվում է Վանաձոր համայնքի ղեկավարի թիվ 66, առ 18.07.2017թ. տրված քանդման թույլտվության հիմնա վրա և ապօրինի չէ:
Տեղեկացնում ենք նաև, որ վերը նշված հասցեում գտնվող կառույցը երբևէ չի պատկանել Կիրովական քաղաքին, հետագայում նաև Վանաձոր համայնքին: Տուրիստական բազա կառուցելու համար Կիրովականի քաղգործոկմի 16.03.1970թ. թիվ 6 որոշմամբ կազմկերպությանը հատկացվել է հողամաս, այնուհետ կազմակերպությունը պատվիրել է նախագիծ ՀԽՍՀ ՊԵՏՇԻՆ-ի «Հայպետնախագիծ» ինստիտուտին և նշված ինստիտուտի ճարտարապետ Հասրաթյանի արվեստանոցում նախագծվել է տուրիստական բազան, նրա շրջակայքի բարեկարգումը և ինժեներական ենթակառուցվածքները: Շինարարությունը իրականացվել է 80-ական թվականներին վերը նշված կազմակեպության միջոցներով և մնացել է անավարտ: 2005թ. «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը դիմել է ՀՀ ԿԱ Անշարժ գույքի պետ. կադաստր և սահմանված կարգով կատարել առաջին պետական գրանցում: Նշեմ նաև, որ ՀՀ կառավարության 3 փետրվարի 2005 թվականի N 176-Ա «ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշմամբ տուրիստական բազան չի հանձնվել Վանաձոր համայնքին որպես անավարտ շինարարության օբյեկտ:
Հաշվի առնելով վերոգրյալը տեղեկացնում եմ, որ ք. Վանաձոր Նաիրի փող. թիվ 4 հասցեի տուրիստական բազան իր բոլոր մասնաշենքերով ու կիսակառույցներով ներառված չէ Վանաձոր համայնքի հաշվեկշռում, հետևաբար չէր կարող օտարվել,հայտարավեր աճուրդ կամ գնահատվեր նրա հաշվեկշռային արժեքը:
Տուրիստական բազայի շինության վթարային աստիճանը համաձայն ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի «Քաղաքաշինական ծրագերեի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի տրված թիվ 13/80, առ 11.05.2017թ. եզրակացության 5-րդ աստիճան է և ենթակա է ապամոնտաժման: Վթարայնության աստիճանը որոշվել է՝ հաշվի առնելով ՀՀՇՆ – II- 6.02-2006 «Սեյսմակայուն շինարարության նախագծման նորմեր»-ը:
Ինչ վերաբերում է ճոպանուղուն, տեղեկացնենք, որ այն հանդիսանում է առանձին գույքային միավոր: Կառավարության համապատասխան որոշումներով չի հանձնվել Վանաձոր համայնքին: Հետևաբար ներառված չէ համայնքի հաշվեկշռում: Նաև տեղեկացնենք, որ ճոպանուղու ներքին կայարանի և հենասյուների հատվածում քանդման ոչ մի աշխատանք չի իրականացվում և թույլտվություն տրված չէ: Ե՛վ ճոպանուղու, և՛ տուրիստական հանգրվանի հետ կապված կատարվել են նախնական ուսումնասիրություններ, կատարվել է էսքիզային նախագիծ, կատարվել են նախնական հաշվարկներ, և փաթեթն ուղարկվել է կառավարություն՝ քննարկման: