Տնակային ավանների հանձնաժողովի փաստահավաք խումբն ուսումնասիրությունն ավարտել է


Օգոստոսի 14-ին տեղի ունեցավ Վանաձոր համայնքի ղեկավարի որոշմամբ հաստատված Վանաձոր համայնքի տարածքում գտնվող տնակային ավանների հիմնախնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը: Նիստը վարում էր հանձանաժողովի նախագահ, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը: Հանձնաժողովի 17 անդամից ներկա էր 11-ը:
Հանձնաժողովի փաստահավաք աշխատանքային խումբն ուսումնասիրությունն ավարտել է: Նիստին քննարկվեցին արդյունքները: Ուսումնասիրության մանրամասները ներկայացրեց հանձնաժողովի փաստահավաք խմբի անդամ Գևորգ Քոթանջյանը, ով ներկայացրեց այն խնդիրները, որոնց հանդիպել են. մասնավորապես, տնակային ավաններում առկա չբնակեցված տնակների, բարձիթողի վիճակում գտնվող տնակների հարցերը, ինչպիսի պայմաններում են դրանք գտնվում, ընտանիքների բազմանդամ դառնալու հետևանքով տնակների թվի ավելացման դեպքերը, ժամանակին բնակիչների կողմից բնակարաններ ձեռք բերելու, սակայն դեռևս տնակներում ապրելու դեպքերը և այլն: Փաստահավաք խումբը տնակային ավաններում ուսումնասիրություններ է կատարել, որպեսզի քաղաքապետարանի ունեցած տվյալների հետ համադրելով՝ պարզ դառնա իրավիճակի մոտավոր վերջնական պատկերը: Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ քաղաքապետարանի ունեցած և փաստահավաք խմբի ձեռք բերած տվյալները գրեթե չեն տարբերվում: «Մոնիտորինգի արդյունքները ցույց տվեցին, որ կան բնակիչներ, ովքեր այս պահին մեր կողմից նախանշված արտոնություններից չպետք է օգտվեն, քանի որ նախկինում ստացել են բնակարաններ կամ բնակարանների գնման վկայագրեր: Մեր առաջնահերթությունները սահմանելիս՝ նաև կառաջնորդվենք դրանով, որ հետագայում կարողանանք մեր քաղաքացիների խնդիրները գլոբալ առումով լուծել: Առաջնահերթություն կտանք այն քաղաքացիներին, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն»,-ասաց Մամիկոն Ասլանյանը:
Փաստահավաք խմբի ուսումնասիրության արդյունքները հանձնաժողովը կամփոփի, և արդյունքերը կներկայացվեն ՀՀ կառավարությանը և ոստիկանությանը:

You May Also Like