Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Վանաձոր համայնքի ղեկավարի որոշմամբ ստեղծված Վանաձոր համայնքի տարածքում գտնվող տնակային ավանների հիմնախնդիրներն ուսումնասիրելու նպատակով ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը: Նիստը վարում էր հանձանաժողովի նախագահ, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը: Նիստին ներկա էր նաև Լոռու մարզպետրանի ՏԻ և համայնքային ծառայության հարցերի բաժնի առաջատար մասնագետ Արմեն Շահվերդյանը:
Քան որ հանձնաժողովի փաստահավաք աշխատանքային խումբն ուսումնասիրությունն ավարտել էր և այդ ուսումնասիրությունները համադրվել ու ամփոփվել էին համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի ուսումնասիրությունների հետ, որոշվեց ուսումնասիրության արդյունքները ներկայացնել ՀՀ Լոռու մարզպետարան , հետագայում սահմանված կարգով ՀՀ կառավարությանը ներկայացնելու նպատակով: Քանի որ հանձանաժողովը ստեղծվել էր Վանաձորի ավագանու համապատասխան որոշմամբ, պայմանով, որ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները ներկայացվեն նաև ավագանուն, որոշվեց դրանք ներկայացնել առաջիկա ավագանու նիստերից որևէ մեկում՝ ավագանուն ի գիտություն: Նիստին քննարկվեցին նաև համայնքապատկան բազմաբնակարան շենքերի բնակարանների իրավական կարգավիճակը և դրանց օտարման գործընթացը : Այս մասին հանձանաժողովի անդամներին պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը: Համայնքի ղեկավարը, ընդառաջելով հանձնաժողովի փաստահավաք խմբի անդամ Գևորգ Քոթանջյանի ցանկությանը՝ ուսումնասիրել համայնքապատկան բազմաբնակարան շենքերի օտարման գործընթացի արդյունքները, առաջարկեց սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել այդ գործընթացը, իսկ համայնքապետարանի համապատասխան բաժինը կտրամանդրի անհրաժեշտ տեղեկատվություն հարցի վերաբերյալ:
Կարելի է փաստել, որ Վանաձոր համայնքի տարածքում գտնվող տնակային ավանների հիմնախնդիրներն ուսումնասիրելու նպատակով ժամանակավոր հանձնաժողովը կատարեց իր հիմնական առաքելությունը և իրականացրեց աշխատատար և չափազանց բարդ աշխատանք, որոշակի ճշտությամբ կազմելով տնակային ավաններում բնակվող ընտանքիների սոցիալական անձնագրերը, ինչն էլ թույլ կտա հետագայում պատկան մարմիններին լուծումներ գտնել շահառու ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով: