Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում նոյեմբերի 12-ին տեղի ունեցան «Վանաձոր համայնքի 2019 թվականի տարեկան բյուջեի հաստատման մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագծի հանրային բաց լսումներ, որին ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը, աշխատակազմի տարբեր բաժինների պետեր, Վանաձոր համայնքի ավագանու անդամներ Արմեն Մատինյանը, Սոխակ Մելքոնյանը և Գայանե Քալանթարյանը: Քննարկումը վարում էր ֆինանսական բաժնի պետ Վահե Գրիգորյանը, ով ներկայացրեց Վանաձոր համայնքի 2019 թվականի տարեկան բյուջեի նախագիծը, կատարված փոփոխությունները, որոնց վերաբերյալ տվեց պարզաբանումներ:
Վանաձոր համայնքի յուրաքանչյուր տարվա բյուջեի ձևավորման, կատարման, վերահսկման և հաշվետվության կատարման հետ կապված գործունեությունը բացահայտում է տվյալ տարվա ընթացքում համայնքի ինքնակառավարման մարմինների կողմից տարվող քաղաքականության հիմնական ուղղությունները և նպատակները՝ ամբողջացնելով համայնքի տվյալ տարվա բյուջետային գործընթացը: 2019թ. բյուջեն կազմվել է համայնքի 2018-2021թթ. զարգացման ծրագրի հիման վրա և նրա բաղկացուցիչ մասն է: Բյուջեի սահմանափակ միջոցները համայնքային նշանակության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ծրագրերը ֆինանսավորելու համար բաշխվել են այնպես, որ հնարավորինս արդյունավետ բավարարվեն համայնքի հանրության կարիքներն ու պահանջները: Բյուջեում ներկայացված են տարվա ընթացքում համայնքի ղեկավարի լիազորությունների ուղղությամբ կատարվելիք ծրագրերը և դրանց իրականացման համար անհրաժեշտ միջոցները:
Տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում՝ ավագանու անդամների մասնակցությամբ: Քննարկումը վերաբերում էր ոչ միայն 2019թ. բյուջեին, այլև ընդհանրապես համայնքապետարանի գործունեությանը, ՏԻՄ-ի կողմից բնակիչներին մատուցվող ծառայությունների ընդլայնմանը, որոնք հետագայում հաշվի կառնվեն բյուջետային գործընթացները կազամակերպելու ժամանակ: Մասնավորապես՝ Սոխակ Մելքոնյանն առաջարկեց հետագայում ձևավորել համայնքային ձեռնարկություններ, որոնք կարող են աշխատել շահույթով և եկամուտ բերել բյուջեին: Գայանե Քալանթարյանն առաջարկում էր համայնքում ձևավորել հոգեբանական ծառայություն, որի կարիքը խիստ զգացվում է հատկապես արտակարգ իրավիճակներում: Քննարկման ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնք պարզաբանվեցին նիստը վարողի կողմից: Ավագանու անդամ Արմեն Մատինյանի կողմից եղավ առաջարկություն՝ ՏԻՄ օրենքով սահմանված կարգով ավագանու խմբակցություններին հասանելիք փորձագետների աշխատավարձը ներառել Վանաձոր համայնքի 2019 թվականի տարեկան բյուջեի մեջ, ինչը թույլ կտա վերջնականապես ձևավորել խմբակցությունների աշխատասենյակները:
Հանրային լսումների ընթացքում ներկայացված առաջարկները կամփոփվեն սահմանված կարգով և կտրվեն եզրակացություններ, որոնց ամփոփ տարբերակը բյուջեի նախագծի հետ կներկայացվի ավագանուն: Հիշեցնենք, որ մինչև «Վանաձոր համայնքի 2019 թվականի տարեկան բյուջեի հաստատման մասին» որոշման նախագիծը ավագանու հաստատմանը ներկայացնելը, այն պետք է քննարկվի նաև ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողովում: