Մարտի 21-ին Վանաձորի համայնքապետարանի նստերի դահլիճում տեղի ունեցավ «Վանաձոր համայնքի 2018-2021 թվականների զարգացման ծրագրի հաստատման մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի հանրային քննարկում, որին ներկա էին քաղաքապետի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը, աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, համայնքապետարանի բաժինների պետեր: Վանաձորի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Նելսոն Մամուլյանը ներկայացրեց զարգացման ծրագիրը, անդրադարձավ առաջնային լուծում պահանջող խնդիրներին միտված ծրագրերին: Համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը հավելեց. «2019- 2021 թթ.-ի համար այնպիսի զարգացման ծրագիր է կազմվել, որ տարեկան աշխատանքային պլանը և բյուջեի մեր կազմման գործընթացները պետք է բխեն դրանից: Կարծում եմ այս զարգացման ծրագիրն իրատեսական է, և ընթացքում բաժինների կողմից ներկայացված առաջարկություններն ամբողջությամբ ներառված են այստեղ, իսկ օրենքով սահմանված կարգով մեր խմբակցությունները եթե առաջարկություններ կներկայացնեն մինչև զարգացման ծրագրի օրակարգային հարց դառնալը, բնականաբար, կքննարկենք և դրանք էլ կմտցնենք»: Ցանկացողները մինչև մարտի 19-ը կարող էին գրավոր առաջարկություններ ներկայացնել նաև info@vanadzor.am էլեկտրոնային փոստով կամ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Ա. Օհանյանին: Հանրային կապերի լրատվության և արարողակարգի բաժնի պետ Էդիկ Հովսեփյանն էլ հավելեց, որ գրավոր առաջարկություն ներկայացնելն այսօր շատ բարդ է, քանի որ այն ունի երեք ուղղվածություն. «Ես կարծում եմ, որ գրավոր առաջարկություն անողը պետք է նաև բյուջեն ուսումնասիրի, քանի որ փոփոխությունն այնտեղ է արվելու»: շահագրգիռ քննարկումներից հետո քաղաքացի Արամ Ղարաբեկյանը բանավոր ներկայացրեց երեք առաջարկություն.
- վանաձորցիների կենսաձևին , ավադույթներին բնորոշ նոր համաքաղաքային տոների և մշակութային միջոցառումների կազմակերպում,
- մայրաքաղաքի Վերնիսաժի օրինակով արվեստի և դեկորատիվ կիրառական գործերի ցուցադրման և վաճառքի տարածք ստեղծել,
- քաղաքի տարբեր հատվածներում Վանաձորին բնորոշ ժողովրդական հումորի հերոսների տարբեր նյութականացմամբ տարածական պատկերների տեղադրում:
Հանրային քննարկումների արդյուքում՝ սահմանված կարգով կկազմվի ամփոփաթերթ, որը կհրապարակվի համայնքապատարանի պաշտոնական կայքում, իսկ հանրային քննարկման ընթացքում հնչած առաջարկությունների վերաբերյալ տեղեկանքը կտրամադրվի ավագանու անդամներին հերթական նիստի ժամանակ: