Տեղի ունեցավ Վանաձոր համայնքի տարածքում գտնվող տնակային ավանների հիմնախնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի անդրանիկ նիստը

Հունիսի 15-ին տեղի ունեցավ Վանաձոր համայնքի ղեկավարի որոշմամբ հաստատված Վանաձոր համայնքի տարածքում գտնվող տնակային ավանների հիմնախնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի անդրանիկ նիստը: Ներկա էր հանձնաժողովի 14 անդամ, 3-ը բացակայում էին:

Բացման խոսքով հանդես եկավ հանձնաժողովի նախագահ Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը: Նա առաջարկեց ստեղծել  4 կամ 5 անձից բաղկացած աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի տնակային ավանները և ուսումնասիրության արդյունքում կկազմվի տնակային ավաններում բնակվող յուրաքանչյուր ընտանիքի և տնակի սոցիալական անձնագիրը, ինչն էլ հետագայում հնարավորություն կտա  հանձնաժողովին թիրախային որոշումներ կայացնել և լուծումներ առաջարկել  արդեն իսկ սոցիալական կարիքներով խմբերի բաժանված  ընտանիքների բնակարանային հարցերը լուծելու համար: Համայնքի ղեկավարն  առաջարկեց քննարկել աշխատանքային խմբի ձևավորման հարցը:

Տեղի ունեցավ քննակում, հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվեցին լրացնող առաջարկներ: Հանձնաժողովի անդամ համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները  հավաստիացրեցին, որ աշխատանքային խումբը կստանա աջակցություն ծառայությունների կողմից, ինչպես նաև կտրամադրվի աշխատակազմում առկա և տնակային ավաններին վերաբերող ողջ տեղեկությունը:

Հանձնաժողովի անդամ ավագանիները՝ Սեյրան Ղամաբարյանը և Հրանտ Այվազյանը, նույնպես կարևորեցին աշխատանքային խմբի ձևավորման առաջարկը և առաջարկեցին ըստ անհրաժեշտության հրավիրել հանձնաժողովի նիստեր, աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքները գնահատելու և ընթացիկ լուծումներ տալու նպատակով:

Հանձնաժողվի անդամ Գևորգ Քոթանջյանը, որպես նախաձեռնող խմբի անդամ, առաջարկեց աշխատանքային խումբը լրացնել նաև ոչ հանձնաժողովի անդամ նախաձեռնության խմբի երկու անդամներով:  Հանձնաժողովի նախագահ Մամիկոն Ասլանյանն ամփոփեց առաջարկները և արտահայտված տեսակետները և ներկայացրեց աշխատանքային խմբի անդամության թեկնածուներին՝ առաջարկելով քվեարկությամբ հաստատել կազմն ամբողջությամբ:

Հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց աշխատանքային խմբի՝ 9 անձից բաղկացած  կազմին:

Մամիկոն Ասլանյանը, ամփոփելով նիստը, հաջողություն մաղթեց աշխատանքային խմբի գործունեությանը և հույս հայտնեց, որ հնարավորինս կարճ ժամկետում խումբը կկազմի և կպլանավորի իր աշխատակարգը:

You May Also Like