Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում մարտի 12-ին տեղի ունեցավ Վանաձորը շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելու նպատակով «ԷսԱրՓի շնայդեր ընդ փարթներ ինժենյոր-քընսալթինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Վանաձոր քաղաքի ջրամատակարարման բաշխիչ ցանցի 8-րդ ճնշումային գոտու վերականգնման և օղակաձև սնուցման համակարգի անավարտ հատվածի կառուցման» նախագծի նախնական գնահատման հայտի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության 2-րդ հանրային քննարկումը: Քննարկմանը ներկա էին համընդհանուր ծրագրի ղեկավար Բերհարդ Ֆիշերը (SRP Schneider and Partner Ingenieur Consult GmbH), ծրագրի բնապահպանական փորձագետ Միքայել Թևոսյանը, Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Կարինե Մոսիսյանը և համայնքապետարանի ներկայացուցիչները՝ քաղաքապետի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանի գլխավորությամբ:
Արտյոմ Գրիգորյանը բնակիչների մտահոգությունը փոխանցեց այն մասին, որ նախապես որոշված էր, որ Վանաձորը 2018 թվականին ամբողջութամբ անցնելու էր շուրջօրյա ջրամատակարարման, սակայն պարզվում է, որ մինչև 2020 թվականը հնարավոր չէ: Վերջինս խոսեց նաև Թևոսյան փողոցում ջրագծի անցկացման հետ կապված խնդրի, Տարոն թաղամասի ջրամբարը պատվիրատուի հետ բանակցելուց հետո ծրագրում ընդգրկելու, շինարարական աշխատանքների ընթացքում բնակիչների կողմից փոշու և կեղտի պատճառով պարբերաբար հնչող բողոքոների մասին: Գրիգորյանը հորդորեց այնպիսի մեխանիզմ ընտրել, որ բողոքներ չլինեն: Քաղաքապետի գլխավոր խորհրդականը հույս հայտնեց այն մասին, որ, չենք ունենա այնպիսի իրավիճակ, որ ծրագրի 10 տոկոսն իրականացվի, և գումարը վերջանա: Ներկաները մտահոգություն հայտնեցին նաև այն մասին, որ կարող են ասֆալտը քանդել և հետո նույն որակը չապահովել:
Կարինե Մովսիսյանը վստահեցրեց, որ KFW բանկի կողմից Հայստանում այս շաբաթ սեմինար է անցկացվելու, որից հետո կսկսվի նախաորակավորման գործընթացը, մրցույթ կհայտարարվի և կընտրվի իրավասու հայտատուների կապալառուների կարճ ցուցակ: Դրանից հետո արդեն ընտրված կապալառուներին կտրամադրվեն փաստատթղթերը և կսկսվի բուն գործընթացը, ապա տեղի կունենա շինարարկան փաստաթղթի ստորագրումը, որն ակնկալվում է այս տարվա վերջին: Բանախոսը մանրամասն ներկայացրեց ծրագրի գործընթացը, պատրաստակամություն հայտնեց խորհրդակցելու, քննարկելու և միասին խնդիրները լուծելու: Կարևորեց նաև աշխատանքների ժամկետների, ժամանակացույցի և հաջորդականության խնդիրը, որպեսզի հնարավորինս քիչ անհանգստություն պատճառվի բնակչությանը: