ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպել էր տեղական և միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված համաժողով, որի նպատակն էր զարգացնել տեղական և միջազգային երիտասարդական համագործակցությունը, խթանել երիտասարդների շարժունությունը, բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը տեղական և միջազգային ծրագրերի վերաբերյալ: Համաժողովին մասնակցում էին հյուրեր նաև միջազգային կազմակերպություններից:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը և Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը:
Նախարարի տեղակալն իր խոսքում ասաց. «Տեղական և միջազգային համագործակցությունը նախ շատ կարևոր է պետական համակարգի համար, շատ կարևոր է նաև հասարակական սեկտորի համար: Երբ համագործակցությունը ստացվում է, երբ կառույցները կարողանում են միմյանց հետ աշխատել, դրական արդյունքները երկար սպասեցնել չեն տալիս: Պետական կառույցների հետ համագործակցությունը պետք է լինի համապարփակ, ընդգրկուն, բոլորն իրենց լուման պետք է ունենան զարգացման հասնելու համար: Երիտասարդական քաղաքականությունն այսօր Հայաստանում սաղմնային վիճակում է: Այսօր նախարարությունը քայլեր է իրականացնում ոլորտը կանոնակարգելու և հստակեցնելու համար:
Արման Բերնեցյանը համաժողովի մասնակիցներին փոխանցեց Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի ջերմ ողջույնը և անդրադարձավ Վանաձորի երիտասարդների ներուժին. «Վանաձորում երիտասարդությունն ունի այն ներուժը, որը կարող է իր հնարավորություններն օգտագործել անհրաժեշտ քաղաքականության և կազմակերպված աշխատանքի շնորհիվ: Ես վստահ եմ, որ ցանկացած նման միջոցառում կարող է համախմբման ազդակ հանդիսանալ մեր երիտասարդների համար: Վստահեցնում եմ, որ Վանաձորի համայնքապետարանը ձեր ցանկացած նախաձեռնության դեպքում իր լիազորությունների շրջանակում կանգնած է ձեր կողքին»:
Համաժողովի մասնակիցների կողմից ներկայացված առաջարկները փորձագետների և համակարգողների կողմից կամփոփվեն և կներկայացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, որոնք հաշվի կառնվեն նախարարության հետագա ծրագրերի մշակման ընթացքում: