Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) ներկայացուցիչների և նրանց կողմից հրավիրված WtERT ընկերության փոխնախագահ Վերներ Բաուերի հետ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում հերթական հանդիպումն ունեցան Վանաձորի համայնքապետարանի ներկայացուցիչները՝ համայնքապետի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանի, և աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանի գլխավորությամբ: Ներկա էին նաև Վանաձորի «Նեցուկ» և Դիլիջանի «Կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ների տնօրենները:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունն (ԳՄՀԸ) աջակցում է Վանաձոր-Ռեգեն գործընկերությանը: Համագործակցության շրջանակներում հերթական ծրագիրը աղբահանության ոլորտի բարելավմանն է միտված և ունի խորհրդատվական բնույթ: Գործընկերների կողմից կարևորվել է աղբահանության խնդիրը, որի լուծման ուղիների վերաբերյալ խորհրդատվություն է տրամադրվում Վանաձոր քաղաքին՝ արդյունավետ աղբահանություն կազմակերպելու համար: Ծրագրի շրջանակում անցյալ տարի կազմակերպվել էր այցելություն Ռեգեն շրջան, որի ընթացքում ներկայացվել էր աղբահանության ողջ գործնթացը: Այս տարի նույնպես նախատեսվում է կազմակերպել ուսոցողական այց: WtERT ընկերությունն աղբահանության ոլորտում տրամադրում է համայնքային խորհրդատվություն, մատուցում է ինժեներական ծառայություններ և ապահովում է հաղորդակցություն:
Հանդիպման ընթացքում Վերներ Բաուերը ներկայացրեց աղբահանության ոլորտում գերմանական փորձը, խոսեց անցած ճանապարհի, քաղաքականության, խնդրի լուծման ուղիների և մեթոդների մասին: Վերջինս խոսեց նաև աղբահանության ոլորտում գործընկեր համայնքներից յուրաքանչյուրի կողմից առանձին, ինչպես նաև միմյանց հետ համատեղ իրականացվելիք աշխատանքների առանձնահատկությունների մասին: Ներկայացվեցին նաև Եվրամիության երկրներում ոլորտը կարգավորող օրենսդրությունը, աղբահանության, աղբի տեսակավորման և վերամշակման փուլերը:
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կարեն Պառավյանը ներկայացրեց տեղական փորձը, ներկաների կողմից արվեցին մի շարք հարցադրումներ, որոնց փորձագետը տվեց սպառիչ պատասխաններ: