Ապրիլի 20-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Վանաձոր համայնքի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի հանրային քննարկումը: Ներկա էին Վանաձորի համայնքապետարանի համապատասխան բաժինների պետեր՝ աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանի գլխավորությամբ, Լոռւ մարզպետարանի ներկայացուցիչներ և Վանաձոր համայնքի ավագանու անդամներ: Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի պաշտոնակատար Նելսոն Մամուլյանը ներկայացրեց որոշման նախագիծը, որը բաղկացած է 5 բաժնից՝ «Համայնքի տեսլականը և ոլորտային նպատակները», «Համայնքի 2018թ. ծրագրերի ցանկը և տրամաբանական հենքերը (ըստ ոլորտների)», «Համայնքային գույքի կառավարման 2018թ. ծրագիրը», «Համայնքի ՏԱՊ-ի ֆինանսավորման պլանը», «Համայնքի ՏԱՊ-ի մոնիթորինգի և գնահատման պլանը» (Որոշման նախագծին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ ):
«Նախորդ ավագանու նիստում հաստատվեց համայնքի քառամյա զարգացման ծրագիրը: Այս փաստաթուղթն ածանցվում է զարգացման ծրագրից: Եթե այն հանդիսանում է մեր ռազմավարությունը՝ 4 տարվա կտրվածքով, ապա այս փաստաթղթում մեր մարտավարական մոտեցումներն են: Այն շատ ավելի ճկուն և դինամիկ փաստաթուղթ է, որը լայն հնարավորություններ է տալիս մոտեցումներ, ծրագրեր փոխելու և թարմացնելու»,-իր խոսքում նշեց Ն. Մամուլյանը:
«Վանաձոր համայնքի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի մեթոդական հիմքը տարածքային կառավարման նախարարության կողմից ներկայացված համապատասխան մեթոդական ուղեցույցն է, որն ուսումնասիրվել է համայնքապետարանի թիմի կողմից, ապա կատարվել է աշխատանքի բաժանում, և համապատասխան ստորաբաժանումների կողմից տրամադրվել է համապատասխան տեղեկատվություն: Տարեկան աշխատանքային պլանը համայնքում առկա բազմաթիվ ռեսուրսների կառավարման գործիք է, որն իրենից ներկայացնում է տարբեր ուղղություններով համայնքի հավակնությունները՝ ծրագրերի տեսքով:
«Այս աշխատանքը կարևոր է, որ մենք կարողանանք պլանավորել մեր քայլերը, ընտրել թիրախները»,-ասաց աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը: Նախագիծը ներկայացնելուն հաջորդեց քննարկումը: Ներկաների կողմից հնչեցին առաջարկներ, վիճահարույց կետերի վերաբերյալ տրվեցին պարզաբանումներ: