Վանաձոր համայնքի տարածքում բացօթյա ապօրինի առևտուրը կասեցնելու վերաբերյալ խորհրդակցություն քաղաքապետի մոտ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հրավիրել էր խորհրդակցություն, որի նպատակն էր լուծել Վանաձոր համայնքի տարածքում չնախատեսված վայրերում իրականացվող բացօթյա ապօրինի առևտրի խնդիրը: Խորհրդակցությանը ներկա էին համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, համապատասխան բաժինների պետեր և աշխատակիցներ, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Մաթևոսյանը, վարչության ծառայության խմբի ավագ տեսուչ Արմեն Բեժանյանը, Բազումի բաժնի ծառայության գծով պետի տեղակալ Լևոն Մարտիրոսյանը, Տարոնի Բաժնի ծառայության գծով պետի տեղակալ Ռոլանդ Նալբանդյանը:
Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը ներկայացրեց Վանաձոր համայնքի տարածքում չնախատեսված վայրերումհատկապես տոնական օրերին իրականացվող բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու հետևանքով քաղաքի կենտրոնական հատվածներում առկա հակագեղագիտական և հակասանիտարական վիճակը, չթույլատրված ապրանքների, հրավառության և պայթուցիկ նյութերի օրեցօր աճող վաճառքի կասեցման անհրաժեշտությունը: Գյուղատնտեսական սեզոնին ևս քաղաքապետարանն ըմբռնումով է մոտեցել չնախատեսված վայրերում, երբեմն նաև ավտոմեքենայից վաճառվող գյուղմթերքի իրացմանը՝ հասկանալով, որ գյուղացին ապրուստի խնդիր ունի, սակայն ամբողջ տարին փողոցներն ու մայթերը վաճառակետի վերածել թուլ չի տրվելու:
Առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնի պետ Արման Մովսիսյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի ևս բաժնի աշխատակիցները զգուշացրել են, կազմվել են արձանագրություններ, հարուցվել վարչական վարույթներ, սակայն իրավիճակը չի փոխվել: Այս տարի արդեն նախապես ստուգայցեր են կազմակերպվել և բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիները զգուշացվել են:
Մամիկոն Ասլանյանն առաջարկեց շրջայցերը սկսել Տիգրան Մեծի, Մյասնիկյան, Գրիգոր Լուսավորչի և Շիրվանզադե («Լաչինի միջանցք» կոչված հատվածը) փողոցներից, քանի որ մեծ խնդիրը հիմնականում այս փողոցներում և դրանց հարակից մայթերում է առկա: Օրինակ՝ Շիրվանզադեի փողոցում նույնիսկ խանութները, առևտրի թույլտվություն ստացած հիմնարկներն ու իրավաբանական անձինք են դուրս եկել իրենց հատկացված տարածքներից և դրսում նույնպես առևտուր են ծավալում: Տոնական առևտրի շրջանում քաղաքում տարածք կառանձնացվի, և կուղղորդենք այդտեղ: Թույլ չենք տալու քաղաքը վերածել շուկայի: Որպեսզի իրականացվելիք գործողություններից հետո իրավիճակը չկրկնվի, Արման Մովսիսյանն առաջարկեց պարբերաբար կազմակերպել շրջայցեր, հետևել և կասեցնել ցանկացած փորձ:
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Մաթևոսյանը վստահեցրեց, որ ոստիկանությունը պատրաստ է վերակարգեր տրամադրել, համայնքապետարանի աշխատակիցների հետ շրջել և համատեղ ուժերով օրենքով սահմանված կարգով իրականացնել համապատասխան գործողություններ:
Տեղի ունեցան շահագրգիռ քննարկումներ: Խորհրդակցության արդյունքում կկազմվի շրջաբերական, որը կտրամադրվի ոստիկանությանը: Մինչև հունվարի 13-ը Վանաձորի համայնքապետարանի և ոստիկանության աշխատակիցները կրկին կզգուշացնեն քաղաքացիներին: Երկուշաբթի օրվանից ամենօրյա ժամանակացույցով օրվա տարբեր ժամերի ոստիկանության հետ համատեղ շրջայցեր կկատարվեն:

You May Also Like