Հուլիսի 2-ին մեկնարկում է ՀՀ հերթական զորակոչը, ինչին վերաբերող հանդիպում անցկացվեց Վանաձորի N3 հիմնական դպրոցում: Նպատակը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «Ես եմ» ծրագրի մասին իրազեկումն էր: Նիստը ղեկավարում էր Լոռու մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը, ով իր խոսքում ծառայության մեկնող նորակոչիկներին հորդորեց լավ տիրապետել զենքին և ռազմական արվեստին՝ մաղթելով բարի ծառայություն և բարի վերադարձ: Ներկա էին Լոռու մարզի համայնքների ղեկավարներ, Վանաձորի զինկոմիսարիատի ներկայացուցիչներ, ավագ և միջնակարգ դպրոցների տնօրեններ և զինղեկներ, այս տարվա շրջանավարտ հանդիսացող զորակոչի ենթակա տղաներ ու նրանց ծնողները: Ներկաներին ողջունեց մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը:
Զեկույցով հանդես եկավ հանրապետական զինկոմիսարիատի զորակոչի բաժնի պետ, փոխգնդապես Արեն Սարգսյանը: Վերջինս գոհունակություն հայտնեց Լոռու, մասնավորապես Վանաձորի զինկոմիսարիատի աշխատանքների վերաբերյալ՝ նշելով, որ ցուցանիշները հատկապես վերջին տարիներին մշտապես եղել են բարձր մակարդակի վրա: Կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են պատշաճ, խնդիրները լուծվել են արագ և արդյունավետ: Սարգսյանը խոսեց նաև վերջին փոփոխություններից: 2018թ. ամառային զորակոչի ամենաէական տարբերությունն այն է, որ փորձաքննական կարգը, որը մինչ այս կատարվում էր պաշտպանության նախարարի հրամանով, արդեն կատարվում է կառավարության որոշումով, ինչը նվազեցնում է սուբյեկտիվիզմի հավանականությունը: Ապա ներկայացրեց «Ես եմ» ծրագիրը: Զեկույցի ընթացքում հնչեցին նաև հարցեր, որոնց բանախոսը տվեց սպառիչ պատասխաններ: