Հայրենական Մեծ պատերազմի մասնակից սիրելի վետերաններ, երկրապահներ, ազատամարտիկներ, հայոց բանակի նվիրյալներ, ջերմորեն շնորհավորում եմ Մեծ Հայրենականում տարած հաղթանակի և Երկրապահի օրվա առթիվ։
Մայիսյան հերոսամարտերի ամենամեծ խորհուրդը միասնության և ազգային ոգու ամրապնդման գաղափարն է, խաղաղ և ստեղծագործ կյանքով ապրելու իրավունքը վերանվաճելու և ամուր պահելու գաղափարը: Միասնությունը կարևոր գործոն է հաղթանակների համար, հայրենի երկրի խաղաղության համար մարտնչած հայորդիների քաջությունն ու սխրանքը՝ հաղթանակների երաշխավորը:
Փոքրիկ Հայաստանը 73 տարի առաջ մեծ ներդրում ունեցավ ֆաշիզմի դեմ պայքարում, և մեր պապերը պատվով կրեցին հաղթանակի դափնիները: Տասնամյակներ անց նրանց որդիներն ու թոռները կերտեցին նոր հաղթանակներ՝ հանուն ազատ Արցախի և Հայաստանի հանրապետության անվտանգ և խաղաղ գալիքի:
Մեր հաղթանակը մեզ պարտադրված պատերազմի արժանի պատասխանն էր։ Այն պահելու ենք սրբորեն: Այս օրը հիշեցում է հայոց պետականության դեմ նկրտում ունեցող ցանկացած հակառակորդի, որ հայը իր տան տերն ու պահապանն է։ Արցախյան հերոսամարտում մեր նորօրյա հաղթանակը նշանավորվեց հենց մայիսի 8-ին Շուշիում տարած հաղթանակով, և մայիսի 9-ի լուսաբացը պապերի տարած հաղթանակին գումարեց նորը։
Լոռեցի կամավորներն առաջիններից էին, ովքեր ձևավորեցին կամավորական ջոկատներ։ 1991թ.-ին «Վանաձոր» կամավորական ջոկատի, ապա նաև նրա հիմքի վրա ձևավորված պայմանագրային գումարտակի առյուծները մասնակցեցին ինքնապաշտպանական և ազատագրական ամենաթեժ մարտերին։ Երկրապահ հերոսների սխրանքները դարձան մեր կանոնավոր բանակի հիմքը, որն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր սահմանները։ Մեծ է հայ ռազմիկների ձեռքբերումը: Այն ունի պատմական նշանակություն:
Մեր թշնամին չի հանգստացել։ Հարաբերական անդորրը խախտվում է ամեն օր, և արդեն հերոսների նոր սերունդն է անօրինակ սխրանքներին ավելացնում նորերը։ Երկրապահի օրը և Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնը մեր ամենասիրված տոներից են։ Մայիսի 9-ը ազգային համախմբվածության, հայի բռունցքման ու մարտնչող բազկի հաղթության օրն է։ Այսօր մենք ունենք արժանի հերթափոխ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, աշխարհասփյուռ հայությանը, բոլոր արցախցիներին՝այս հաղթական օրվա կապակցությամբ։
Խաղաղություն հայոց սահմաններին։ Կեցցե՛ն Հայաստանի և Արցախի հզոր հանրապետությունները: