Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հանդիպել է «Habitat for Humanity Armenia» հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Մայիսի 17-ին «Habitat for Humanity Armenia» հիմնադրամի ներկայացուցիչները Վանաձորի քաղաքապետարանի հետ համագործակցության շրջանակում հանդիպում ունեցան քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ: Հիմնադրամը ծրագրեր է իրականացնում բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքների պահպանության և էներգաարդյունավետության բարձրացման նպատակով:
Հիմնադրամի հետ համատեղ իրականացված ծրագրի շրջանակում Վանաձորում 3 շենքի տանիք է վերանորոգվել: Ծրագիրը շարունակական է: Այս անգամ հիմնադրամի ներկայացուցիչների առաջարկը վերաբերում էր շենքերում էներգաարդյունավետության բարձրացման ծրագրին, որի շրջանակում կարող է իրականացվել ընդհանուր օգտագործման տարածքներում դռների, պատուհանների տեղադրում, տանիքի ջերմամեկուսացում, ինչը կբարձրացնի բազմաբնակարան շենքերի էներգախնայողությունը:
Ծրագրերն իրականացնելու նպատակով հիմնադրամը համագործակցում է տարբեր գործընկեր կազմակերպությունների հետ: «Habitat for Humanity Armenia» հիմնադրամի «Բազմաբնակարան շենքերի ծրագրի» ղեկավար Վարսենիկ Խլոյանը վստահեցրեց, որ Վանաձորի համայնքապետարանի հետ համագործակցությունը բավականին հեռանկարային կարող է լինել, քանի որ դրա համար բոլոր նախադրյալները կան:

You May Also Like