Սիրելի՛ մայրեր, քույրեր, դուստրեր, այս գեղեցիկ տոնն առիթ է ևս մեկ անգամ ձեր հանդեպ մեր երախտիքն ու հիացմունքն արտահայտելու համար:
Հայ ժողովուրդն այն եզակի ժողովուրդն է, որն ունի Մայրության և գեղեցկության տոն: Սբ. Մարիամ Աստվածածնի ավետման տոնով առանձնացվում և փառաբանվում է կինը, նրա՝ կյանքը շարունակողի բացառիկ արարչագործ առաքելությունը: Կնոջ ամենամեծ կոչումը մայրությունն է: Հայ մոր փխրուն ուսերին է ընտանիքի ամրությունը, ազգի շարունակականությունը, սերունդների հայրենանվեր դաստիարակությունը: Խոնարհվում եմ այն մայրերի առջև, որոնց զավակները հսկում են հայրենիքի սահմանները:
Սիրելի՛ հայուհիներ, ձեր մայրական սրտի ջերմությունը թող հալեցնի անտարբերության սառույցը և սիրով լցնի աշխարհը: Ձեր ընտանիքներում թող մշտապես իշխեն սերն ու ջերմությունը: Մեր ուշադրության կարիքը դուք մշտապես եք զգում, սակայն առօրյա հոգսերով տարված՝ միշտ չէ, որ կարողանում ենք ձեզ շրջապատել մեր ջերմությամբ ու հոգատարությամբ: Մայրերն ու մանուկները մշտապես պետք է լինեն պետության հոգածության ներքո: Բարեկեցիկ և բազմազավակ ընտանիքն է հայ ժողովրդի հարատևության երաշխավորը:
Ապրիլի 7-ը հայ կնոջ վերաարժևորման տոնն է, պետության ամրության գործում նրա բացառիկ դերի, մեր ինքնության, ազգային դիմագծի վերահաստատումը: Ձեզ կանացի չխամրող հմայք, սեր ու ջերմություն եմ մաղթում: Միշտ եղեք չքնաղ, կենսատու, եղեք մեր կողքին, մեզնից անբաժան: