Սիրելի՛ վանաձորցիներ, թանկագին հայորդիներ, ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ անկախության 29-ամյակի առթիվ: Հայաստանում, Արցախում և աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ ապրում և արարում է հայը, սեպտեմբերի 21-ը ցնծության ու զարթոնքի օր է:
Ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովուրդը վաստակել է ինքնանվիրումի, զոհողության և մաքառման ծանր գնով: Անկախ Հայաստանի յուրաքանչյուր օր մեծագույն պարգև է ամեն մի հայի համար, երաշխիք՝ արարման, զարգացման ու շենացման համար: Քսանինը տարին փոքր ժամանակահատված է մեր հազարամյա պատմության մեջ. պատերազմ, շրջափակում, կորուստներ, սակայն դարի ծանրություն ունեցող անկախ Հայաստանի յուրաքանչյուր օր տոգորված է տոկունությամբ, անսահման սիրով՝ առ հայրենիքն ու լավագույն ապագան կերտելու անխախտ հավատով:
Այսօր Արցախի և ՀՀ սահմանների խաղաղությունն առավել քան երբևէ պաշտպանության կարիք ունի: Մեր բոլոր ջանքերը միտված պետք է լինեն հայոց բանակի ամրացմանն ու մարտունակության բարձրացմանը, որը մեր բոլոր ձեռքբերումների պահպանման ու ամրապնդման երաշխիքն է: Բոլորս միասին ենք կերտելու մեր հաջողությունները, մենք ենք մեր ապահով և արժանապատիվ կեցության ճարտարապետները, ուրեմն՝ հայրենիքի և միմյանց հանդեպ անապակ սիրով սատար կանգնենք և ստեղծենք այն Հայաստանը, որը երազում ենք:
Սիրասո՛ւն հայրեր և մայրեր, քույրեր, եղբայրներ և զավակներ, երջանկություն և բարեկեցություն, արժանապատիվ կյանք, առաջընթաց և բարեկեցություն եմ մաղթում ողջ հայությանը՝ հանուն Հայաստանի հզոր հանրապետության: