Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի օրվա առթիվ

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ և ծնողներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ:

Այն այս տարի համավարակի պատճառով չի նշվելու ավանդական աշխուժությամբ, ուսումնական հաստատությունների բակերում ուրախ աղմուկը տեղափոխվելու է 15 օր հետո, սակայն սա ժամանակավոր դժվարություն է, որը հաղթահարելու ենք միասին: Կարևորը ձեր առողջությունն է:

Այս օրն առանձնահատուկ է հատկապես նրանց համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնելու դպրոց: Գիտելիքն աշխարհի ամենահզոր զենքն է և հնարավորությունների դռները բացող բանալին: Այսօր Հայաստանը պարտավոր է հասնել կրթության՝ ժամ առ ժամ զարգացող տեմպին: Այլ ճանապարհ չունենք:
Վանաձորում տասնամյակներ շարունակ կենտրոնացած են մի շարք միջին և բարձրագույն մասնագիտական կրթություն ապահովող հեղինակավոր կառույցներ: Այստեղ կենտրոնացած է եղել արդյունաբերական քաղաքի գիտատեխնիկական ներուժը: Այսօր ավանդույթները վերականգնվել են, և Վանաձորի նոր սերունդը կրթություն է ստանում նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Այս նվաճումների հիմքում որակյալ հանրակրթությունն է, որն այսօր փոփոխությունների ճանապարհ է անցնում:
Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, կրկին շնորհավորում եմ այս կարևոր օրվա կապակցությամբ և մաղթում գիտությամբ լուսավորված պայծառ գալիք և հաջողություններով լի ուսումնական տարի:

You May Also Like