Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Հայոց բանակի օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայոց փառապանծ բանակը 28 տարեկան է:Այն մեր կենաց կռվում թրծված, հայորդիների բազկով զորացած ամրոցի սյունն է: Արիների զավակները քաջ գիտեն, որ կենաց կռվում թրծված սուրը շեղբին մոտիկ թշնամու ստվեր չի հանդուրժում: Այսօր աշխարհն արագ է փոփոխվում : Մեր անկայուն տարածաշրջանում նոր իրողություններ են հասունանում: Պատերազմի բովում կայացած հայոց բանակը պատրաստ է մարտահրավերների, սակայն մեր կրեդոն խաղաղությունն է: Խաղաղություն ձեզ, Հայոց Բանակի հարգարժան սպաներ, զինվորներ, վետերաններ, հայրենիքի նվիրյալ եղբայրներ ու քույրեր:
Մեր փոքրիկ հայրենիքում գրեթե յուրաքանչյուր ընտանիք սահմանին կանգնած զինվոր ունի, ուստի Հայոց Բանակը նաև յուրքանչյուրիս ընտանիքն է։ Սա ասում եմ որպես զինվորի հայր, որպես այն սերնդի ներկայացուցիչ, ում կենսագրության մաս է կազմել Արցախյան շարժումը, ապա պատերազմը, հայոց բանակի կազմավորման գործընթացն ու Հայաստանի Հանրապետության հռչակումը: Մեզնից առավել մեր զավակներն են այսօր որպես տեր սահմանին կանգնում արդեն կայացած հայոց հզոր բանակի կազմում։
Հայրենիքը մեր ամրոցն է: Այն սերունդների միասնականությամբ է անմատույց մնում։ Հայրենիքը վերացական եզրույթ չէ, այն տուն է, ընտանիք։ Սա գիտի հայ զինվորը, սա գիտեն մեր փառապանծ սպաները։
Անգին է այն խաղաղությունը, որի համար գիշեր ու զօր արթուն հսկում է մեր զինվորը: Մենք միասնական պետք է լինենք սահմանին և առավել միասնական մեր Տան մեջ, որ աշխարհում ոչ մի ուժ չկարողանա մեր ամրոցը մտնել:
Թանկագի՛ն հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ համազգային տոնի առթիվ: Մեր սիրասուն հայրենիքում բոլոր արշալույսները թող խաղաղ բացվեն, թող զինվորները փառքով իրենց պարտքը կատարեն և վերադառնան տուն։
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը, փա՛ռք նրա ներկայի և ապագայի երաշխավոր Հայոց Փառապանծ Բանակին:

You May Also Like