Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Հայոց բանակի օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայոց փառապանծ բանակը 27 տարեկան է: Այն ստեղծվել է պատերազմի բովում, կայացել և զարգանում է անկայուն տարածաշրջանում, ժամանակակից աշխարհի փոփոխվող քաղաքականության մարտահրավերների ստվերի ներքո։
Մեր փոքրիկ հայրենիքում գրեթե յուրաքանչյուր ընտանիք սահմանին կանգնած զինվոր ունի, ուստի Հայոց Բանակը նաև յուրքանչյուրիս ընտանիքն է։ Սա ասում եմ որպես զինվորի հայր, որպես այն սերնդի ներկայացուցիչ, ում կենսագրության մաս է կազմել Արցախյան շարժումը, ապա պատերազմը, հայոց բանակի կազմավորման գործընթացն ու Հայաստանի Հանրապետության հռչակումը, մի սերունդ, որն այսօր էլ հանուն մեր սահմանների անառիկության իր զավակների պայքարն է տեսնում՝ արդեն կայացած հզոր բանակի կազմում։ Տեսնում, հպարտանում և վստահեցնում ենք, որ նրանց կողքին ենք, քանզի հայրենիքը սերունդների միասնականությամբ է անմատույց մնում։ Հայրենիքը վերացական եզրույթ չէ, այն տուն է, ընտանիք։ Սա գիտի հայ զինվորը, սա գիտեն մեր փառապանծ սպաները։
Անգին է այն խաղաղությունը, որի համար գիշեր ու զօր արթուն հսկում է մեր զինվորը: Մենք միասնական պետք է լինենք սահմանին և առավել միասնական մեր Տան մեջ, և աշխարհում ոչ մի ուժ չի կարող մեր ամրոցը մտնել:
Թանկագի՛ն հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ համազգային տոնի առթիվ: Մեր սիրասուն հայրենիքում բոլոր արշալույսները թող խաղաղ բացվեն, թող զինվորները փառքով իրենց պարտքը կատարեն և վերադառնան տուն։
Փառք Հայաստանի Հանրապետությանը, փառք նրա ներկայի և ապագայի երաշխավոր Հայոց Փառապանծ Բանակին:

You May Also Like