Սիրելի՛դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ
Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Ուսումնական տարվա առաջին օրը հիշարժան է հատկապես նրանց համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոց կամ բուհ:
Այսօր, առավել, քան երբեք, մրցունակ կրթության խնդիր է դրված մեր առջև։ Որակյալ կրթությունը հասանելի պետք է լինի բոլորի համար։ Դպրոցը ոչ միայն ժամանակակից մարդու ձևավորման, այլև ազգային տեսակի դաստիարակության դարբնոց է։ Կրթական համակարգը շարունակական բարեփոխումների ընթացքում է։ Կրթության մակարդակը բարձրացնելու խնդիրը պետության գերակայությունների թվում է։ Յուրաքանչյուր պետություն հենվում է իր քաղաքացիների մտավոր ներուժի վրա: Գիտելիքն է որոշում նաև մարդու բարեկեցությունը:
Այսօրվա հիշարժան ակնթարթներն անմոռանալի են լինելու ողջ կյանքի համար։ Այսօր է տրվում գիտելիքի շտեմարանից անհատնում գանձեր ստանալու, նոր արժեքներով հարստանալու մեկնարկը:
Հայ ժողովուրդը մշտապես կարևորել է կրթությունը, քանի որ գիտակցել է, որ այն աշխարհաճանաչողության և նախնիների կուտակած գիտելիքն ու փորձը սերունդներին փոխանցելու միակ ճշմարիտ ճանապարհն է:
Կրթության գործի հարգարժա՛ն նվիրյալներ, սիրելի դպրոցականներ և ուսանողներ, բազում հաջողություններ եմ մաղթում նոր ուսումնական տարում, հագեցած առօրյա և անսպառ ձեռքբերումներ: