Մարտի 12-ին տեղի ունեցավ Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստը: Օրակարգի գլխավոր հարցը Վանաձոր համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման մասին համայնքի ղեկավարի տարեկան հաշվետվությունն էր: Մամիկոն Ասլայանը նախ ամփոփ ներկայացրեց հիմնական ցուցանիշները: Այնուհետ հաշվետվությունը ներկայացվեց գրաֆիկական տեսանյութով:
Ըստ ներկայացված տեղեկության՝ Վանաձոր համայնքի 2020 թվականի բյուջեն եկամուտների մասով պլանավորվել է 2 մլրդ 824 մլն 182 հազար դրամ։ Նախատեսված է զգալի աճ սեփական եկամուտների մասով: Սեփական եկամուտները 2020-ին պլանավորված է 1 մլրդ 43 մլն 838 հազար 3 հարյուր դրամ։ Այս ծավալը 146,3 մլն դրամով գերազանցում է 2018 թվականի փաստացի կատարման ծավալին՝ 897 մլն 569 հազար 7 հարյուր դրամ, եվ 42,9 մլն դրամով՝ 2019 թվականի ճշտված պլանով նախատեսվածին՝ 1 մլրդ 969 հազար 9 հարյուր դրամ։ Այսպիսով, 2018-ի նկատմամբ Վանաձորի 2020-ի բյուջեի աճը սեփական եկամուտների մասով կկազմի շուրջ 116.2 տոկոս, կամ 146.3 մլն դրամ։
Հողի հարկի գծով կանխատեսվում է 2020-ին հավաքագրել 34 մլն 263 հազար 3 հարյուր դրամ։ 2019 թվականին այդ ցուցանիշը 34 մլն 238 հազար 6 հարյուր դրամ էր, և աճը 2019 թվականի նկատմամբ կկազմի 100․4 տոկոս, իսկ 2018 թվականին նույն ցուցանիշը եղել է 31 մլն 95 հազար 9 հարյուր դրամ, աճը 2018-ի նկատմամբ կկազմի 110.2 տոկոս։ Այսպիսով, երկու տարում հողի հարկի գծով հավաքագրումների աճը կկազմի շուրջ 110․9 տոկոս կամ 3 մլն 167 հազար 4 հարյուր դրամ։
Գույքահարկի գծով կանխատեսվում է 2020-ին հավաքագրել 471 մլն 960 հազար դրամ։ 2019 թվականին այդ ցուցանիշը 440 մլն 793 հազար 8 հարյուր դրամ էր և աճը 2019 թվականի նկատմամբ կկազմի 107․1 տոկոս, իսկ 2018 թվականին նույն ցուցանիշը եղել է 368 մլն 493 հազար 8 հարյուր դրամ, աճը 2018-ի նկատմամբ կկազմի 126․7 տոկոս։ Այսպիսով, երկու տարում գույքահարկի գծով հավաքագրումների աճը կկազմի շուրջ 128 տոկոս կամ 103 մլն 466 հազար 2 հարյուր դրամ։
Տեղական տուրքերի գծով կանխատեսվում է 2020-ին հավաքագրել 71 մլն 100 հազար դրամ։ 2019 թվականին այդ ցուցանիշը 81 մլն 935 հազար դրամ էր և առկա է նվազում 2019 թվականի նկատմամբ 86,8 տոկոսով, իսկ 2018 թվականին նույն ցուցանիշը եղել է 63 մլն 624 հազար 9 հարյուր դրամ դրամ, աճը 2018-ի նկատմամբ կկազմի 111․7 տոկոս։ Երկու տարում տեղական տուրքերի գծով հավաքագրումների աճը կկազմի շուրջ 111․7 տոկոս կամ 7 մլն 375 հազար հարյուր դրամ։
Վարչական գանձումների մասով կանխատեսվում է 2020-ին հավաքագրել 377 մլն 116 հազար դրամ։ 2019 թվականին այդ ցուցանիշը 363 մլն 980 հազար դրամ էր և աճը 2019 թվականի նկատմամբ կկազմի 103․6 տոկոս, իսկ 2018 թվականին նույն ցուցանիշը եղել է 351 մլն 650 հազար 6 հարյուր դրամ, աճը 2018-ի նկատմամբ կկազմի 107․2 տոկոս։ Այսպիսով, երկու տարում վարչական գանձումների մասով հավաքագրումների աճը կկազմի շուրջ 107․2 տոկոս կամ 25 մլն 435 հազար 4 հարյուր դրամ։
2019 թվականը Վանաձորի համար աննախադեպ էր սուբվենցիոն ծրագրերի մասնակցության և իրականացման առումով։
Համայնքապետարանի կողմից մշակվել և լիազոր մարմին են ներկայացվել 7 սուբվենցիոն ծրագրերի հայտեր, որոնցից 6-ը 30․06․2019թ․ դրությամբ հաստատվել են և կա՛մ իրականացման փուլում են, կա՛մ ավարտվել են:
Սուբվենցիոն ծրագրերի հայտերի կազմումը նպատակ ուներ հիմք ստեղծել համայնքի զարգացման 2018-2021 թթ. ծրագրով նախատեսված առաջնահերթությունների իրականացման խթանման համար, քանի որ Վանաձոր համայնքի զարգացման հիմնական ուղղությունը զբոսաշրջությունն է:
«Հայքի հրապարակի բարեկարգում և վերականգնում» սուբվենցիոն ծրագրով ամբողջովին բարեկարգվեց Հայքի հրապարակը, իրականցվեց հրապարակի նոր լուսավորության համակարգի տեղադրում, վերկանգնվեցին սալիկապատ տարածքները և Վանաձորն ունեցավ տարածաշրջանում ամենաժամանակակից և հատուկ լուսաձայնային էֆեկտներով շատրվաններ: Այժմ Հայքի հրապարակը դարձել է երիտասարդության և զբոսաշրջիկների այցելության հիմանկան վայրերից մեկը, ուր կազմակերպվում են նաև համաքաղաքային հիմնական մշակութային միջոցառումները: Տեղին է հիշեցնելը, որ «Վանաձորի օր » տոնակատարության շրջանականերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակից էր շատրվանների փորձնական գործարկմանը:
Ծրագրիանվանումը | Գումար
(Հազար դրամ) |
Համայնքի ներդրում% | Համայնքիներդրում
(հազար դ) |
|
1 | Հայքի հրապարակի բարեկարգում և վերականգնում | 245700.0 | 60 | 147420 |
2 | ՎանաձորիԿ. Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան ՀՈԱԿ-ի հիմնանորոգում | 91250.0 | 60 | 54750.0 |
3 | Վանաձոր համայքի այգիների և պուրակների վերանորոգում | 103073.0 | 60 | 61843.8 |
4 | Վանաձոր համայնքի կարիքների համար 2 բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերում | 101000.0 | 50 | 50500.0 |
5 | Վանաձոր համայնքի մարզադպրոցների վերանորոգում, մարզագույքի ձեռքբերում | 99614.2 | 60 | 59768.52 |
6 | Վանաձոր համայնքի գլխավոր փողոցների արտաքին լուսավորության փոխարինում արևային –ֆոտովոլտային կայաններով /չի ներկայացվել/ | 111328.0 | 45 | 50097.6 |
7 | Վանաձոր համայնքի երկրորդային փողոցների կապիտալ վերանորոգում | 250000.0 | 45 | 112500.0 |
Ընդամենը | 1.001.965.0 | 536.879.92 |
Հաջորդիվ, հաշվետու տարում 2018-2021 թվականների զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ 2019 թվականի հաշվետվությունը ներկայացրեց զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը:
Ավագանին ձայների մեծամասնությամբ հաստատեց հաշվետվությունները:
Լիլյա Դավթյանն ավագանուն տեղեկացրեց նաև, որ Վանաձորի համայնքապետարանը պատրաստվում է հայտ ներկայացել ԵՄ-ի կողմից նախաձեռնվող «Տեղական իշխանություններ. գործընկերություն կայուն քաղաքների համար» ծրագրին, որի հիմնական նպատակն է աջակցել ինտեգրված քաղաքային զարգացմանը՝ ԵՄ անդամ երկրների և գործընկեր երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև: Ծրագրին ուղղված է քաղաքային կառավարման ուժեղացմանը, միևնույն ժամանակ թիրախավորելով քաղաքների սոցիալական ներառականության և կայունության (դիմակայության), ինչպես նաև բարեկեցության և նորարականության ապահովումը:
Ավագանին առանձին-առանձին քննարկեց և հավանություն տվեց 2020 թ.-ի համար 4 սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ ավագանու որոշման նախագծերին՝
1.«Վանաձոր համայնքի «Աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ- ի շենքի հիմնանորոգում» ծրագիր
Արդյունքում՝ «Աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց»-ում կունենանք՝նորակառույց վարժասարքերի մարզադահլիճ,մարզագույքի ձեռքբերում, մարզասրահի ռետինապատ հատակի փոխարինում նոր ծածկույթով, դրսի վազքուղիների ասֆալտապատում եւ 120մ ռետինապատում, պարսպի կառուցում, երկաթյա դարպասի կառուցում:
2.«Վանաձոր համայնքի բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ» ծրագիր
Ծրագրով նախատեսվում է 11 բարձրահարկ պանելային շենքերի էներգաարդյունավետության բաձրացում։ Շենքերում էներգաարդյունավետ միջոցառումների իրականացումը, այն է՝ արտաքին պատերի ջերմամեկուսացում, շքամուտքի դռների եւ պատուհանների փոխարինում, տանիքի ջերմամեկուսացում:
3.«Վանաձոր համայնքի «Շառլ Ազնավուրի» անվան այգու հիմնանորոգում, Տարոն-2 եւ Տարոն-4 այգիների կառուցում» ծրագիր
Ծրագրով նախատեսվում է «Շառլ Ազնավուրի» անվան այգու հիմնանորոգում (2,6 հա), «Տարոն-2» այգու կառուցում (0,2հա), «Տարոն-4» այգու կառուցում (1 հա): «Շառլ Ազնավուրի» անվան այգում ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2 փուլով։ 1-ին փուլ՝ լուսավորության համակարգի արդիականացում, կանաչապատում, արահետների ծածկույթի վերանորոգման, սմարթ նստարաններ, աղբամանների տեղադրում, եզրաքարերի փոխում, ջրավազանի եւ շատրվանների վերականգնում, լուսաձայնային երաժշտական համակարգ: 2-րդ փուլ (մասնավոր ներդրում)՝ սահադաշտի կառուցման աշխատանքներ, ժամանակակից խաղահրապարակների կազմակերպում, բացօթյա բեմ (էստրադա): Տարոն-2 և Տարոն-4 թաղամասերում այգիների կառուցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ծայրամասային այս թաղամասերում չկան այգիներ, պուրակներ, ինչպես նաեւ հանգստի գոտիներ։ Նախատեսվում է տարածքի բարեկարգում, ամֆիթատրոնի եւ սիզամարգերի կառուցում, կանաչապատում, նստարանների եւ աղբամանների տեղադրում, լուսավորություն:
4.«Վանաձոր համայնքի Չուխաջյան, Լալվարի փողոցների եւ կենտրոնական մայթերի կապիտալ նորոգում» ծրագիր
Հիմնանորոգման ենթակա են 2 փողոցներ և 5 փողոցների մայթեր: Ծրագրի արդյունքում կունենանք տրանսպորտային ենթակառուցվածքների բարեկարգ եւ գրավիչ վիճակ, տրանսպորտային միջոցների եւ հետիոտների համար ճանապարհային երթեւեկության անվտանգության բարելավում, ոչ կենտրոնական թաղամասերի բնակիչների համար զբոսանքի վայրեր, փողոցներին հարակից գործող բիզնեսների աճի, նոր բիզնեսների համար գրավիչ միջավայր, տուրիզմի զարգացում:
Ավագանին որոշում չկայացրեց միայն մեկ որոշման նախագծի վերաբերյալ: Քվորումի բացակայության պատճառով նիստն ընդհատվեց, հաստատված օրակարգի թիվ 17, 18,19, 20, 21 և 22 հարցերը չքննարկվեցին և որոշումներ չկայացվեցին: