Վանաձոր համայնքի ղեկավարը հյուրընկալել էր «Դեպի Հայք» հիմնադրամի կամավորներին

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն ընդունեց «Դեպի Հայք» հիմնադրամի անդամներին և կամավորներին:
ԱՄՆ-ում գործող այս հիմնադրամը կազմակերպում է 20-32 տարեկան սփյուռքահայ երիտասարդների ուղևորությունը Հայաստան: Ծրագրի շրջանակներում նրանք այցելում են Հայրենիքի տեսարժան վայրեր, մասնակցում հայոց լեզվի դասընթացների, սեմինարների, օթևանում հյուրընկալ ընտանիքներում:
Վանաձորոր այցելած 10 կամավորները, ովքեր ժամանել են ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից, Հորդանանից և Ռուսաստանից, հայերեն սովորելուց և Հայաստանի տարբեր քաղաքներով շրջելուց բացի, շաբաթական 30 ժամ կամավոր աշխատանք են կատարում Վանաձորում գործող կազմակերպություններում: Ամեն շաբաթ երիտասարդները մասնակցում են տարբեր հանդիպումների, հավաքների և միջոցառումների՝ նպատակ հետապնդելով ավելի լավ ճանաչել Վանաձորը, մարդկանց և իրենց զգալ վանաձորյան առօրյայի մի մասնիկը:
Վանաձորի համայնքի ղեկավարի հետ հանդիպումը ևս ճանաչողական բնույթ էր կրում, որի ընթացքում կամավորները ծանոթացան Վանաձորի զարգացման հեռանկարներին, ընթացիկ ծրագրերին և Մամիկոն Ասլանյանին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը:
Համայնքի ղեկավարը հյուրերին ուղղված խոսքում մասնավորապես ասաց. «Շատ հաճելի է, որ դուք նման նախաձեռնության եք մասնակցում: Կարևոր է, երբ հայը գալիս է Հայաստան ոչ միայն որպես զբոսաշրջիկ, այլև հայաստանցու հետ հաց է կիսում: Կարևոր է այն գիտակցումը, որ որքան էլ ուժեղ լինեն մեր գաղթօջախները, եթե հայրենիքը հզոր չլինի, նրանք իրենց ամուր չեն զգալու: Հրաշալի է, որ դուք տարբեր ոլորտներում ձեր մասնակցությունն ու նպաստն են բերում՝ ծառայելով հայրենիքին: Կարևոր է, երբ ոչ միայն հիշողություն եք տանում ձեզ հետ, այլև հետագիծ եք թողնում»:
«Դեպի Հայք» հիմնադրամի կամավորները ներկայացրեցին նաև իրենց գործունեությունը և կիսվեցին Վանաձորի մասին տպավորություններով:

You May Also Like