Մարտի 29-ին տեղի ունեցավ Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստ: Օրակարգում 24 հարց էր: Նիստը սկսվելուն պես նիստերի դահլիճ եկան Վանաձորի տնակային ավանների բնակիչները՝ «Տնակների բնակիչներին սեփականության իրավունքով հողատարածքի հատկացման վերաբերյալ» որոշման նախագծի քննարկմանը ներկա գտնվելու նպատակով: Հարցն օրակարգում ընդգրկվել էր «Ո՞վ, եթե ոչ մենք, ոչ դուք» քաղաքացիական նախաձեռնության կողմից, որի անդամները երկու ամիս շարունակուսումնասիրություններ են կատարել տնակային ավաններում ու հանրակացարններում, հավաքել են անհրաժեշտ թվաքանակով ստորագրություններ և հարցն ընդգրկել ավագանու օրակարգում: Հարցի զեկուցողը նախաձեռնության անդամ Գևորգ Քոթանջյանն էր, ով առաջարկում էր սեփականության իրավունքով մարդկանց նվիրաբերել այն տարածքները, որտեղ բնակվում են, կամ բնակիչներին հատկացնել Վանաձոր համայնքի սեփականությունը հանդիսացող չբնակեցված բնակարանները: Երկար քննարկումներից հետո քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներն առաջարկեցին մասնագիտական հանձանժողով կազմել և հարցն ուսումնասիրել առավել մանրամասն: Հարցին, նախաձեռնության առաջարկած պայմաններով, ավագանին միաձայն դեմ քվեարկեց, իսկ հանձնաժողով կազմելուն՝ կողմ:
Օրակարգային հարցերից մեկով էլ հաստատվեց Վանաձոր համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովների կազմը և անդամների քանակը:
ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողովի կազմը՝ 7 անդամով,
Մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական գործող հանձնաժողովի կազմը՝ 9 անդամով,
Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական գործող հանձնաժողովի կազմը՝ 9 անդամով,
Իրավական հարցերի մշտական գործող հանձնաժողովի կազմը՝ 7 անդամով:
Ավագանին հաստատեց նաև Վանաձոր համայնքի ղեկավարին կից, Վանաձոր համայնքի տարածքում հասարակական կարգով գործող թվով 3 (երեք) խորհրդակցական մարմինների կազմերը հաստատելու մասին որոշման նախագիծը, ըստ որի Վանաձոր համայնքի ղեկավարին կից, Վանաձոր համայնքի տարածքում հասարակական կարգով գործող «Վանաձոր համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման» խորհրդակցական մարմնի կազմում ընդգրկված են համայնքապետարանի, ավագանու և լրատվամիջոցների ներկայացուցիչներ (թվով՝ 13 հոգի):
Ավագանին հաստատեց նաև Վազգեն Բադալյանին Վանաձոր համայնքի Նարեկացու փողոցի թիվ 47/1 հասցեում գտնվող արվեստանոցը անվարձահատույց տրամադրելուն համաձայնություն տալու մասին որոշումը: Ավագանին որոշեց հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոս Զորիկ Գևորգյանի և ճարտարապետ Ռաֆիկ Բոշյանի պատվին:
Այս տարի լրանում է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը: Ուստի Վարդանանց փողոցով, տիկնիկային թատրոնով և Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի տարածքով սահմանված կանաչ գոտին անվանակոչել «Հանրապետության» պուրակ:
Օրակարգի մյուս բոլոր հարցերը ևս հաստատվեցին: Վանաձոր համայնքի ավագանու հաջորդ հերթական նիստը տեղի կունենա ապրիլի 30-ին: