Բաթումիի քաղաքապետ Գեորգի Երմակովի հրավերով պաշտոնական այցով Բաթումիում էր Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Աջարական Ինքնավար Հանրապետության վարչապետ Զուրաբ Պատարաձեի հրավերով Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ մեկնել էր Աջարիա՝ փոխհամագործակցությունն ամրապնդելու և այն առավել ընդգրկուն դարձնելու նպատակով:
Աջարիայի հանրապետության մայրաքաղաք Բաթումիի և Վանաձորի բարակեմությունը տասնամյակների պատմություն ունի: Մշակութային, մարզական և այլ ոլորտներում համագործակցությունը քույր քաղաքների միջև պարբերական բնույթ ունի: Համագործակցությունն ամեն տարի ավելի է ամրապնդվում՝ փոխադարձ այցելություններով:
Այցի շրջանակում Լոռու պատվիրակությանը հյուրընկալեցին Աջարիայի Ինքնավար Հանրապետության վարչապետ Զուրաբ Պատարաձեն,, Գերագույն Խորհրդի նախագահ Դավիթ Գաբաիձեն, ապա հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարարը: Հանդիպումներին ներկա էին նաև պաշտոնատար այլ անձիք: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին համագործակցության հեռանկարները: Կողմերը փոխանակվեցին զբոսաշրջության, էկոբնամթերքի արտադրության և այլ ոլորտներում ունեցած փորձով:
Հադիպումների ընթացքում աշխատանքային քննարկում ծավալվեց Վանաձոր-Բաթումի քույր քաղաքների միջև բարեկամությունն ամրապնդելու և տարբեր ոլորտներում գործնական քայլեր կատարելու մասին: Պատվիրակությունը մասնակցեց Բաթում քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը, ինչից հետո քաղաքի Սուրբ Նշան հայկական եկեղեցում տեղի ունեցավ հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վերջում կողմերը փոխանակեցին հուշանվերներ: Լոռու մարզպետը փոխադարձ այցով Լոռու մարզ հրավիրեց Աջարիայի վարչակազմի ղեկավարին: