«Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերի 13-ին տոնական տրամադրություն էր տիրում: Վանաձորի համայնքապետի տեղակալ Արման Բերնեցյանը, ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Գևորգ Մացակյանի գլխավորությամբ, ՕՀՄՄԴ աշխատակիցներն ու բազմաթիվ մարզասերներ դիմավորեցին սամբո ընբշամարտից աշխարհի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանին: Մարզիկին ծափողջույնների ներքո հանձնեցին հայոց եռագույնը, իսկ պարանոցը զարդարեց հաղթանակի դափնեպսակը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ից 12-ը Սոչիում անցկացվեց սամբոյի աշխարհի 2017թ. առաջնությունը: 52 կգ քաշային կարգում փայլուն ելույթ ունեցավ մեր համաքաղաքացի Տիգրան Կիրակոսյանը, ով նվաճեց ոսկե մեդալ: Եզրափակչում հայ մարզիկը հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին՝ մոնղոլ Մարալ Էրդենե Չիմեդորժին: Մրցամարտն ավարտվեց 5:1 հաշվով: Այս անգամ մրցաշարին մասնակցում էին ռեկորդային՝ 93 պետության շուրջ 1000 մարզիկ: