Վանաձորում նշվեց Շուշիի ազատագրման և Երկրապահի օրը

Այսօր ՝ մայիսի 8-ին Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղադրված Շուշիի ազատագրմանը նվիրված խաչքարի մոտ նշվեց Շուշիի ազատագրման և Երկրապահի օրը: Գուգարաց թեմի առաջնորդ, բարձրաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ և Վանաձորի հոգևոր դասի մասնակցությամբ, տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ ` ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոս հայորդիների: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը,Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, համայնքապետարանի և մարզպետարանի աշխատակիցներ, Երկրապահ կամավորականների միության անդամներ: Տոնական միջոցառումը ուղեկցվեց Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի կատարումներով: Ներկաները ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին եկեղեցու բակում տեղադրված Շուշիի ազատագրմանը նվիրված խաչքարին, այցելեցին և ծաղիկներ խոնարհեցին նաև ՀՀ Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Վերջին կանգառը ազատամարտիկների պանթեոնում էր, որտեղ ևս թեմակալ առաջնորդի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի կարգ և հնչեցվեց աղոթք, ապա ներկաները հարգանքի տուրք մատուցեցին նահատակների շիրիմներին:

You May Also Like