Վանաձորում նշվեց անհայտ կորածների միջազգային օրը

Հունիսի 29-ին աշխարհը նշում է անհայտ կորածների միջազգային օրը: Աշխարհի հարյուր հազարավոր ընտանիքներ այօր ապրում են զինված հակամարտությունների կամ ներքին ընդհարումների հետեւանքով անհայտ կորած իրենց ազգականների մասին տեղեկություններ չունենալով։ Արցախյան հակամարտության հրադադարից 24 տարի անց անհայտ կորածների հազարավոր ընտանիքներ շարունակում են սպասել իրենց սիրելիների մասին լուրերի։

Արցախյան պատերազմի հետևանքով 950 մարդ անհայտ կորած է համարվում. մոտ 400-ն ազատամարտիկներ և զինծառայողներ են, իսկ 550-ը` Մարտակերտի շրջանի խաղաղ բնակիչներ:

Վանաձորում տեղակայված անհայտ կորածների հուշարձանի մոտ այս տարի էլ մարդաշատ էր: Ներկա էին Վանաձորի քաղաքապետի տեղակալ Արման Բերնեցյանը, Լոռու մարզպետի օգնական Գառնիկ Սաղաթելյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցներ, Գուգարաց թեմի հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը, անհայտ կորածների հարազատները: Միջոցառումը վարում էր Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը: Օրհնության խոսքով հանդես եկավ տեր Վահան քահանա Ազարյանը. «Մենք մեր խաղաղ կյանքի մեկ ժամվա համար անգամ պարտական ենք այս ընտանիքների հերոս զավակներին: Եթե նրանք խաղաղ վիճակում են, բայց անկարող՝ վերադառնալ, թող Աստված խաղաղության և առողջության մեջ պահի, եթե վտանգի մեջ են, սակայն՝ կենդանի, թող Աստված հեռու պահի թշնամու հարվածից և վտանգներից, որպեսզի կարողանանք այն հույսն ունենալ, որ օրերից մի օր Աստծո զորությամբ պիտի ամեն բան շտկվի, և ձեր ընտանիքների սպասումներն արդարանան»:

Ներկաները միասին աղոթք հղեցին առ Աստված, ապա անհայտ կորածների ծնողներին իր խոսքն ուղղեց Վանաձորի քաղաքապետի տեղակալ Արման Բերնեցյանը. «Թե՛ զոհվածները, թե՛ ապրողները, թե՛ անհետ կորածները հավասարապես Արցախյան ազատամարտի հերոսներ են: Ես ուզում եմ, որ մենք առաջին հերթին հույսն ու հպարտությունը չկորցնենք, որովհետև ձեր զավակները, եղբայրները, ամուսինները իրենց անգնահատելի ներդրումն են բերել, որպեսզի մենք  այսօր խաղաղ երկնքի տակ ապրենք: Արցախյան շարժման  30-ամյակը թող ավարտվի կոնֆլիկտի արժանապատիվ լուծմամբ: Միգուցե ձեր օջախներում ընդունեք ձեր հերոս զավակներին»:

Ելույթ ունեցան նաև անհայտ կորածների ընտանիքների անդամները, ապա ներկաները ծաղիկներ խոնարհեցին անհայտ կորածների հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին:

You May Also Like