Այսօր ՝ մայիսի 8-ին, Սուրբ Սարգիս եկեղեցուն կից , Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղադրված Շուշիի ազատագրմանը նվիրված խաչքարի մոտ հանդիսավորությամբ նշվեց Շուշիի ազատագրման և Երկրապահի օրը:
Գուգարաց թեմի առաջնորդի Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ և Վանաձորի հոգևոր դասի մասնակցությամբ, տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ ` ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոս հայորդիների:
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան,Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը ,տեղեկալ Արման Բերնեցյանը, համայնքապետարանի և մարզպետարանի աշխատակիցներ, Երկրապահ կամավորականների միության անդամներ, զինվորականներ և շարքային զինվորներ, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ, բազմաթիվ քաղաքացիներ և հյուրեր:
Տոնական միջոցառումը ուղեկցվեց Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի կատարումներով,տոնական համարներով հանդես եկան Վանաձորի «Հորովել» անսամբլի դպրոց-ստուդիայի սաները և Երգի թատրոնի մեներգչուհի Սյուզաննա Ասուլյանը:
Համայնքի ղեկավարի անունից ներկաներին շնորհավորեց համայնքի ղեկավարի տեղեկալ Արման Բերնեցյանը, ապա ՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների , ինչպես նաև Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի և Երկրապահի օրվա կապակցությամբ պատվոգրեր հանձնեց ազատամարտիկներին:
Ներկաները ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին եկեղեցու բակում տեղադրված Շուշիի ազատագրմանը նվիրված խաչքարին, այցելեցին ազատամարտիկների պանթեոն ,ՀՀ Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձան, ապա՝ Սոս Նաղդալյանի և Լիպարիտ Ղուլյանի շիրիմներին ՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հերոսների հիշատակին: