Լոռու մարզ կատարած այցի շրջանակում Վանաձորում էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը՝ դեսպանատան պատասխանատու աշխատողների ուղեկցությամբ: Այցը կրում էր ճանաչողական բնույթ: Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցներ:
Դեսպանը եղավ Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան N3 հիմնական դպրոցում, ծանոթացավ ֆրանսերեն լեզվի դասավանդման գործընթացին, մասնակցեց ֆրանսերեն լեզվով կազմակերպված միջոցառմանը: Այցի շրջանակում Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը և Նորին Գերազանցություն դեսպանը քննարկեցին Ֆրանսիայում Վանաձորի քույր քաղաք Բանյոյի հետ համագործակցության ուղիները, ինչպես նաև ֆրանսիական այլ քաղաքների, մասնավորապես՝ Նևեր քաղաքի հետ համագործակցության հեռանկարը:
Ժոնաթան Լաքոթի այցի հաջորդ կանգառը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնն էր: Դեսպանն օրվա ընթացքում այցելելու է նաև COAF սմարթ կենտրոն, ապա «Լոռի» ժամանցի կենտրոնում ներկա է գտնվելու Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնին, որի շրջանակում ցուցադրվելու են միջազգային մրցանակների արժանացած եվրոպական լավագույն ֆիլմեր: Փառատոնը կյանքի է կոչվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Եվրամիության պատվիրակության և EUNIC խմբի համագործակցության շնորհիվ: